
Քադիրովը հայտարարել է ռուսական զորքերի կողմից Մարիուպոլի գրավման մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլը։ Այս մասին գրում է RT-ն:
«Քաղաքը վերցված է ամբողջությամբ և անդառնալիորեն։ Ամբողջ տարածքը սիստեմատիկ կերպով մաքրվել է ազգայնականներից... վերահսկողության տակ է վերցվել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունեցող Ազովստալ մետալուրգիական կոմբինատի վարչական շենքը, մաքրվել է ողջ հարակից տարածքը»,- գրել է նա Telegram-ում։
Քադիրովը հավելել է, որ Մարիուպոլի պաշտպանության ճեղքումից հետո նման արդյունքն անխուսափելի էր։
«Վստահ եմ, որ ռուս զինվորներին, ինչպես նաև Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների մարտիկներին առջևում ավելի պայծառ հաղթանակներ են սպասվում։ Ի վերջո, մենք զբաղված ենք իսկապես մեծ նպատակների իրագործմամբ, և հաջողությունը միշտ ուղեկցում է արդար գործին»,- ընդգծել է նա։