Ավելի քան 500 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել մեկ շաբաթում․ պարեկները արձանագրել են շուրջ 20 հազար խախտում
Հուլիսի 13-ից 20-ը պարեկային ծառայության իրականացրած աշխատանքների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ։ Այս մասին հայտնում են պարեկային ծառայությունից։
Նշված ժամանակահատվածում Երևանի պարեկները արձանագրել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում, իսկ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 142 ավտոմեքենա։
Մայրաքաղաքում հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 125 անձ, հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33 խախտում, չամրակապված վարելու՝ 659, առանց մանկական նստատեղի՝ 25, վարելիս ծխելու՝ 524, հեռախոսից օգտվելու՝ 261 դեպք։
Պարեկները արձանագրել են նաև հետիոտների կողմից ոչ սահմանված վայրով ճանապարհն անցնելու 18 դեպք և ևս 1515 այլ իրավախախտում։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 70-ը՝ առանց տեխնիկական զննության, իսկ 51-ը ունեցել է լուսարձակների անսարքություն։
Միաժամանակ մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15 363 խախտում։ Հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 203 տրանսպորտային միջոց։
Մարզերում հայտնաբերվել է 316 ոչ սթափ վարորդ, իսկ առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարել է 360 անձ։
Ընդհանուր առմամբ, տարբեր կասկածանքներով Երևանի և մարզերի պարեկների կողմից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել 121 անձ։