Պատահարներ

Երևանի կենտրոնում ծառ է տապալվել՝ վնասելով գազատարն ու ավտոմեքենաները․ ճանապարհը փակվել է

Երևանի կենտրոնում ծառ է տապալվել՝ վնասելով գազատարն ու ավտոմեքենաները․ ճանապարհը փակվել է

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: 



Տեղում պարզվել է, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։



Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։



Դեպքի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։



Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասում էին. «Էս ծառի համար շատ ենք դիմել, որ գան հեռացնեն։ Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ մարդու բան չի եղել, բայց էն, որ ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի, ակնհայտ է, որ նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր շատ կան»։



«Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ չի կարող իրականացնել մինչև Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները ծառը չհեռացնեն, որից հետո կսկսեն իրենց գործողությունները, և կվերականգնվի գազամատակարարումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250