
Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. մարմնական վնասվածքներ են ստացել բաժնի պետի տեղակալներ. Shamshyan. com

Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Այդ օրը՝ ժամը 19:50–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի բութ տրավմա, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արամ Ա.-ն է: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձորի բանտի թիվ 32 խցի կալանավորված անձ, Վանաձորի բնակիչ, 33-ամյա Գևորգ Բ.-ն ձեռքով հարվածել է Արամ Ա.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա.-ն աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ:
Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 00:30-ի սահմաններում «Վանաձոր» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ «աջ դաստակի և նախաբազկի քերծվածք վերք» վնասվածքներով բուժօգնություն են ցուցաբերել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, 34-ամյա Եղիշե Ք.-ին: Արդեն ոստիկաններին վերջինս հայտնել է, որ նշված մարմնական վնասվածքները ստացել է Վանաձորի բանտում՝ վիճաբանության ժամանակ՝ թիվ 32 խցում գտնվող կալանավոր, Վանաձորի բնակիչ, 22-ամյա Մհեր Կ.-ի կողմից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Եղիշե Ք.-ն աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ:
Մանրամասները՝ կայքում: