Ռուսական զորքի տեղորոշումը Փառուխում. Media.am
Մարտի 28-ի ուշ երեկոյան Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը տեղեկություն տարածեց, թե Արցախի Փառուխ գյուղում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշել է պահուստային ուժեր առաջ քաշել։
«Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի հատվածում անցել են կողմերի միջև շփման գիծը՝ խախտելով եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է կայացրել պահուստային ուժեր առաջ քաշել՝ Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։ Այս պահին բնակավայրը գտնվում է ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո», – գրել էին հաղորդագրության մեջ և կցել լուսանկարներ։
Media.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լուսանկարներն իսկապես Փառուխում են արվել։ Համոզվում ենք՝ համեմատելով դրանք արբանյակային պատկերների հետ:
Այս լուսանկարում երևում է Փառուխի գլխավոր երկու ճանապարհներից մեկը, որտեղ և տեղակայված են ռուս զինվորականների մեքենաները։ Մոտավոր կորդինատները՝ 40.01968185043133, 46.80540126339295։
Google Earth-ի մեկ այլ պատկերից տեսնում ենք իրար հաջորդող 4 շինությունները, առաջինը շագանակագույն, մյուսները՝ սպիտակ կտուրներով, որոնք ևս համընկնում են լուսանկարների շինությունների հետ։
Կողմնորոշվում ենք նաև գյուղի հարավային հատվածում երևացող լեռներով, որոնք նույնությամբ համընկնում է լուսանկարում երևացող տեսարանի հետ։
Լուսանկարներից բացի, լայնորեն տարածվեց (1, 2, 3, 4, 5) մեկ այլ տելեգրամ ալիքում հրապարակված տեսանյութ՝ «Փառուխ գյուղը՝ նկարահանված անօդաչու սարքից» վերտառությամբ։ Ըստ տելեգրամ ալիքի՝ նկարահանումն արել են ռուս խաղաղապահները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում