Ոստիկանությունը իրականացրել է «Հարամ հացը մարսել չի լինի» օպերացիան. գողերը փախուստի պահին բռնվել են
Օրեր առաջ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ( վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզում իրականացրել են «Հարամ հացը, այդ թվում՝ Հրազդան, մարսել չի լինի» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Ֆրունզե Բ.-ն, Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Գ.-ն և նրան հետ եղած ևս մեկ հոգի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել և կատարել են բնակարանային գուղություններ:
Մարզային ոստիկանությունում և Եղեգնաձորի ոստիկանությունում օրեր շարունակ ոստիկանները իրականացրել են հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ: Փետրվարի 4-ին տեղեկություններ են ստացվել, որ նշված անձանցից 2-ը Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 9ա շենքի բակի 1-ին շքամուտքից դուրս են եկել և նստել շենքի հարակից տարածքում կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել են դեպի Անդրանիկի փողոց: Նշված փողոցում՝ «Ֆինկա» ՈւՎԿ Եղեգնաձորի մասնաճյուղի մոտ, ոստիկանները կանգնեցնում են Porsche Cayenne-ը, սակայն վարորդը չի ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական կանգառ պահանջին և արդեն ավտոմեքենան մեծ արագությամբ շարունակում է վարել, դիմելով փախուստի: Ոստիկանները, վստահ լինելով իրենց ստացված օպերատիվ տեղեկություների վրա, հետապնդում են նրանց, սակայն որոշ ժամանակ անց Porsche Cayenne-ը նրանց տեսադաշտից անհետանում է: Ոստիկանները առաջ են ընթանում ու արդեն «Իվանի խաչմերուկ» կոչվող տարածքում հայտնաբերում են նշված ավտոմեքենան՝ վթարի ենթարկված, իսկ 2 ուղևորները, տեսնելով ոստիկանության ծառայողներին, դիմում են փախուստի:
Վարորդը իջնելով ավտոմեքենայից, կասկածելի փաթեթներ է գցում գետնին: Ոստիկանները պարզում են նրանց գտնվելու վայրերը, հայտնաբերում և բերման են ենթարկում նրանց: Վարորդը եղել է Երևանի բնակիչ, 32-ամյա Կարապետ Ն.-ն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշված անձինք Եղեգնաձորի ոստիկանությունից ներկայացվել են քննչական վարչություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի ոսկյա զարդեր, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, նշված անձանց կողմից հափշտակվել են տարբեր բնակարաններից: