ԵԽ նախագահի խնդրանքով Պուտինը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի առնչությամբ քայլերը

Նախօրեին տեղի է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, քննարկվել են միջազգային իրադրությանն առնչվող մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղյան խնդրին առնչվող։ Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Լեռնային Ղարաբաղի առնչությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների կենսագործման ուղղությամբ, ներառյալ նաեւ խաղաղ կյանքի հաստատումը, Հարավ-Կովկասյան տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը։ 

 

Ուշագրավ է այն, որ ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ «հենց այս հարցերն են քննարկվելու Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի` Սոչիում նոյեմբերի 26-ին կայանալիք հանդիպման ժամանակ»։ Ավելի վաղ, Կրեմլn արդեն հայտարարել էր, որ Սոչիում կայանալու է նշված ֆորմատով եռակողմ հանդիպումը, նվիրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ստորագրված կրակի դադարեցման մասին ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության 1-ին տարելիցին։ 

 

Եթե ավելի հետ գնանք, ապա Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը պետք է կայանար դեռ նոյեմբերի 9-ին, հայտարարության ստորագրման օրը, սակայն կայանալու է վաղը։ Մենք, իհարկե, չենք անդրադառնա, թե ինչու չկայացավ այդ հանդիպումը, ինչ եղավ եւ այլն։ Մեզ համար հետաքրքրական է այն, որ Սոչիում ի վերջո կայանալիք հանդիպումից բառացիորեն մեկ օր առաջ Շառլ Միշելը խնդրում է, որ Ռուսաստանի նախագահն իրեն ներկայացնի, թե վերոնշյալ երկու հայտարարությունների կենսագործման հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվում։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ 

 

Մենք արդեն գրել էինք, որ Բրյուսելում, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 15-ին կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, ըստ էության, ռուսական կողմի սրտով չէ, եւ Մոսկվան ամեն բան անելու է, որպեսզի այդ հանդիպումը բովանդակազրկի եւ արժեզրկի։ Թերեւս հենց նաեւ սրա համար է, որ նոյեմբերի 9-ի հանդիպման խափանումից հետո, Ռուսաստանը հասավ այն բանին, որ այնուհանդերձ այդ հանդիպումը կայանա նախքան դեկտեմբերի 15-ը։ Այս ամենն իհարկե հասկանում են նաեւ Եվրամիությունում, հատկապես, որ Բրյուսելում լավ են պատկերացնում, թե Արեւելյան գործընկերության հանդեպ Ռուսաստանն ինչպիսի ոչ բարեհաճ վերաբերմունք ունի։ Ուստիեւ կարելի է ասել զուտ եվրոպական օրակարգի շրջանակներում կայացած Պուտին-Միշել հեռախոսազրույցի ընթացքում ԵԽ ղեկավարը խնդրում է, որ Ռուսաստանի նախագահն իրեն ներկայացնի Ղարաբաղյան օրակարգի հետ կապված մանրամասները, դրանով իսկ՝ ընդունելով, որ ամեն դեպքում 
1. Ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական առաջնայնությունը չի վիճարկում
2․ Փորձում է փրկել Արեւելյան գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը 
3. Ըստ էության հերթական անգամ լեգիտիմացնում է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի, այլ նաեւ՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, դրանով էլ ինչ որ առումով լեգիտիմացնելով Հարավային Կովկասի՝ նոր ճարտարապետությունը, որն այս պահին դեռ գտնվում է ձեւավորման ընթացքի մեջ։ 

Քաղաքականություն

Պատահարներ