Բյուրեղավանի համայնքապետի լիազորությունները կասեցվել են, նա այդ մասին իմացել է մամուլից
Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Քննիչ մարմնի տվյալներով՝ գործը վերաբերում է ձևական աճուրդների միջոցով համայնքային հողերի ապօրինի օտարմանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ պաշտոնավարման իրավունքը կասեցվել է։
Հակոբ Բալասյանը ֆեյսբուքում արձագանքել է՝ նշելով, որ իր լիազորությունների կասեցման մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից։
«Այդ մասին որևէ կերպ իրազեկված չեմ եղել, ինչի արդյունքում կարող էր ստեղծվել իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը կասեցված լիազորություններով որոշումներ կայացներ»,– գրել է նա։
Բալասյանը նշել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է և հայտարարել, որ չի ընդունում այն։
Նրա խոսքով՝ գործը հարուցվել է երկու տարի առաջ, և այդ ընթացքում հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ։
«Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր եմ, թե ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն՝ ով ով է իր արած գործերով»,– հավելել է նա։





























