Ամենամյա բուժզննումը՝ որպես պարտադիր պայման․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առողջության պարտադիր ապահովագրական համակարգը Հայաստանում կիրականացվի երեք փուլով՝ սկսած 2026-ից մինչև 2028 թվականը։
Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում նա նշել է, որ համակարգի ներդրման ընթացքում պետական պատվերի ծրագրերի շրջանակը աստիճանաբար կնվազի։ Առաջին փուլում՝ 2026-ին, ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարեկանից բարձր քաղաքացիները՝ պետության ամբողջական սուբսիդավորմամբ։ Այն կվերաբերի նաև 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացող անձանց։
Ավանեսյանի խոսքով՝ պարտադիր ապահովագրության մեկնարկային փուլում այն քաղաքացիները, որոնք օգտվում են պետպատվերի ծրագրերից, օրինակ՝ հոգեկան առողջության, ինֆեկցիոն հիվանդությունների կամ զինծառայողների ընտանիքների անդամները, կշարունակեն ստանալ նույն ծառայությունները։ Այս խմբերի պետական պատվերը կմնա ուժի մեջ մինչև ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումը։
Ապահովագրական փաթեթը ներառելու է առաջնային օղակի, շտապօգնության և հիվանդանոցային բուժօգնության ծառայություններ։ Բացի այդ, պարտադիր կլինի տարեկան պրոֆիլակտիկ բուժզննումը՝ «չեք-ափը», ինչպես նաև սկրինինգային թեստերը՝ 45–60 տարեկան կանանց համար մամոգրաֆիկ հետազոտություն, կոլոռեկտալ քաղցկեղի և HPV թեստավորում, ինչպես նաև հղիների թեստավորման ծրագիր։
Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության 2026 թվականի բյուջեն պատմական է՝ 210 միլիարդ 912 միլիոն դրամ, ինչը 44 միլիարդ 313 միլիոնով ավելի է 2025 թվականի բյուջեից։ Նշված գումարից 129 միլիարդ դրամը կուղղվի պարտադիր ապահովագրության ծրագրին։





























