
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 29-ամյա վարորդը Toyota-ով բախվել է բետոնե եզրաքարին և հայտնվել ձորում

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Մելքոնյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, անուհետև հայտնվել ձորում՝ բախվելով հողաթմբերին, ապա՝ երկաթե ճաղավանդակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։