
Կրակոցներ Երևանում. 41-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։ Արդեն ոստիկաններին միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և ավագ քննիչ Յոլչյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր, որտեղ քննիչները կատարել են դեպքի վայրի զննություն։