
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները, ովքեր կատարում են անհրաժեշտ գործողություններ՝ վնասված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ։