Ռուս օլիգարխ Տրոցենկոյի ձեռքին է կենտրոնանում հայկական ընդերքը. հավակնում է դառնալ 5 հանքի սեփականատեր՝ վերցնելով նաեւ Թեղուտը. «Փաստինֆո»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն «Փաստինֆո»-ի տեղեկություններով պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, ինչը նշանակում է՝ նրա ձեռքում են հայտնվում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը։

Նշենք, որ նա հանդիսանում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը։ Նրան է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Մեղրաձորի հանքավայրը։

Նկատենք, որ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերումն էլ տեղի է ունեցել հանրության համար ոչ այնքան թափանցիկ եղանակով և իր բաժնեմասի 15 տոկոսը նվիրել Հայաստանի կառավարությանը: Նա հավակնում է ձեռք բերել նաեւ Թեղուտը՝ այդպիսով իր ձեռքը կենտրոնացնելով 5 խոշոր հանք։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով Ռոման Տրոցենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանակցությունների միջնորդը եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռուս գործարարին հաջողվել է ստանալ կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսը, որը նաեւ պահանջել է, որ ՀՀ իշխանությունները դադարեցնեն քրեական հետապնդումը կոմբինատի արդեն նախկին խոշոր բաժնետեր Մհեր Պալասկովի նկատմամբ։

Այս մութ գործարքին «Փաստինֆո»-ն դեռ կանդրադառնա, սակայն ակներեւ է, որ Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գերիշխող դիրլ է ձեռք բերում՝ ըստ էության սահմանելով մոնոպոլիա։

«Փաստինֆո»-ն փորձեց հասկանալ, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Հայաստանի ընդերքի կենտրոնացումը օտարազգի օլիգրախի ձեռքին։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ բնականաբար այստեղ վտանգներ կան։ Նրա խոսքով ցանկալի և պարտադիր է, որ ընդերքը ՀՀ-ի ձեռքում լինի.

«Քանի որ մեր սեփականաշնորհումները շատ ավելի խորքից են գալիս, դա պետք է հետևողական քայլերով իրականացվի։ Այնպես, որ պետության հեղինակությանը չվնասենք։ Պետք է հետգնում իրականացվի ու դառնա հանրային, պետական սեփականություն»,-նշեց մասնագետը։

Հարցին, թե ինչպես պետք է Հայաստանի ընդերքը վերադարձվի ՀՀ-ին՝ առանց ներդրողներին բացասական ազդակներ տալու, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ դա, իհարկե, չպետք է իրականացվի օրվա իշխանության հայտարարությունների համատեքստում։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում՝ հաշվի առնելով պոտենցիալ ներդրողների, ինչպես նաև այժմյան բոլոր սեփականատերերի շահերը։

«Չպետք է ստիպողաբար հետ վերադարձվեն, այլ օրինակ հասունանա իրավիճակ, երբ սեփականատերը ցանկանում է վաճառել բաժնետոմսերը, և պետությունն այդ ժամանակ ձեռք բերի դրանք։ Այսինքն առքուվաճառքի ժամանակ պետք է ձեռք բերի բաժնետոմսերը»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը, որ երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը, մասնավորապես ՀՀ վարչապետի աշխատակազմին, անվստահություն առաջացրեց հանրության շրջանում, Նաիրի Սարգսյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմը պետք է հեռու լինի դրանից, քանի որ ոչինչ չի հասկանում բաժնետոմսերի կառավարումից։

«ՀՀ ասելով չենք հասկանում օրվա իշխանություն։ Դա պետք է կառավարի օրինակ Ֆինանսների նախարարությունը։ Պետք է ՀՀ-ին պատկանեն ամբողջ բաժնետոմսերը, լինի պաշտոնյայի նշանակման հստակ կարգ, որ բոլոր կոռուպցիոն ռիսկերը բացառվեն»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Բացի այդ նա շատ վտանգավոր համարեց մեկ անձնի ձեռքին հանքերի կենտրոնացում՝ փաստելով, որ Հայաստանի ընդերքի և ռազմավարական նշանակության օբյեկտները կուտակվում են մեկ մարդու ձեռքում, և այդ մարդուց ՀՀ-ն կախման մեջ է գտնվում, քանի որ այդկերպ վտանգվում է նաև պետության անկախությունը։

«Օրինակ` կարող է որոշում կայացվել, որ հանքավայրերը 6 ամսով չեն աշխատում և գնում են վերազինման։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կկատարվի, ինչքան մարդ սոված կմնա, ինչքան արտարժույթի ներհոսք կդադարի, ինչ կկատարվի հարկահավաքման դաշտում ընդամենը մեկ մարդու որոշումից։ ՀՀ-ն ուղղակի կոլապսի եզրին կկանգնի»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է այս ամենը հաշվի առնի և ունեցած-չունեցած բոլոր հնարավորությունները, գործիքակազմն աշխատեցնի և երբեք նման բան թույլ չտա։

Նաիրի Սարգսյանը նաև նկատում է՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայիս վարչապետն անընդհատ հայտարարում էր, որ ամբողջը սեփականաշնորհելու է, խլելու է և հետ է վերցնելու, և այս համատեքստում բաժնետոմսեր նվեր ստանալը վտանգում է նաև Հայաստանի ներդրումային դաշտը։

«Վերջերս մի քանի պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումներ եմ ունեցել։ Յուրաքանչյուր ներդրող հարց է տալիս՝ եթե Հայաստանում բիզնեսով զբաղվեն, իրենց ձեռքից այն կխլե՞ն, թե՞ ոչ։ Եթե Հայաստանում բիզնեսով զբաղվեն, իրենց կվնասե՞ն, թե՞ ոչ։ Եթե մի երկրում, երկրի վարչապետն ուրիշի սեփականությունը հանդիսացող գույքի վրա աչք է դնում և ասում՝ խլելու է, պետականացնելու է, դա շատ վտանգավոր է»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Քաղաքականություն