Բացահայտվել է 20-ամյա տղայի դանակահարության դեպքը. 18 ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է դանակահարվել 20-ամյա Արման Թադևոսյանը, ով «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում։  

 

Ոստիկանները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը դանակահարության վայրի մասին իրականությանը չի համապատասխանել և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 38/21 հասցեի մոտ, և նրան դանակի հարվածներ է հասցրել Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 18-ամյա Էդմոն Պարսամյանը։  Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է բաժանմունք։  Հանցագործության գործիք դանակը հայտնաբերված չէ։

 

 Ոստիկանները վիրավորից փորձել են պարզել, թե ինչու է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում։ Վերջինս պատասխանել է. «Ցավերի մեջ եմ եղել, չեմ իմացել, գուցել շփոթել էի տեղը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 15-ին դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր այդ պահին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել էին՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Արման Թ.-ն է, ով հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:

Քաղաքականություն