Մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից. կա 3 զոհ, 3 վիրավոր. զոհերից մեկը երեխա է

Հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի՝ որոնցից մեկը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:

Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Խալիկյանի անվամբ:

Ֆոտոլրագրողն ավելի ուշ հայտնեց, որ Գյումրի քաղաքի Ավստրիական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նշված ավտովթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 1 երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է: Պարզվեց, վթարի հետևանքով կա 3 զոհ, 3 վիրավոր: