
Հեղուկ գազի գինը օր օրի բարձրանում է, իսկ պետության ներսում չկա մի կառույց, որ կուսումնասիրի, թե ինչու

Վերջին շրջանում Auroranews-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում հեղուկ գազի գնի բարձրացման վերաբերյալ։ Բանն այն է, որ հեղուկ գազի գինը 20, որոշ տեղերում 30 դրամով թանկացել է՝ 220 դրամից հասնելով մինչև 250 դրամի։ Քաղաքում կան որոշ լցակայաններ, որտեղ գինը նույնությամբ պահպանվել է, սակայն վերջիններս էլ ասում են, որ գազը վերջացել է, չունեն։ Համաձայնեք, որ մի քանի օրում կիլոգրամում 20-30 դրամ թանկացումը ակնհայտորեն երևում է մարդու օրական ծախսերի վրա, և մեր քաղաքացիների ահազանգը շատ տեղին է։
Մեկ շաբաթվա ընթացքում Auroranews-ը, պարբերաբար զանգահարելով տարբեր կառույցներ, փորձում էր պարզել, թե ի վերջի ո՞ր կառույցն է ուսումնասիրում հեղուկ գազի շուկան, և ինչո՞ւ է գնի նման կտրուկ ավելացում գրանցվել։ Ինչպես ավելի վաղ նշեցինք, և՛ մեր տեղեկություններով, և՛ պետական որոշ կառույցներ, որոնք որոշակի կապ ունեն ոլորտի հետ, հղում անելով օրենքին, մեզ ասացին, որ նման խնդիրներով զբաղվում է Մրցակցության պաշտպանության կոմիտեն ( նախկին ՏՄՊՊՀ): Ամեն ինչ այսքան դժվար չէր լինի, եթե վերոնշյալ կառույցից սկզբում մեզ չասեին, որ այս հարցով ահազանգեր չունեն և հետո պնդեին, թե իրենք չեն զբաղվում այս խնդրով։
«Հեղուկ գազի շուկան մրցակցային է, և այստեղ չկա մոնոպոլիա, հետևաբար՝ մենք չենք կարող որևէ մոնիթորինգ անցկացնել այս շուկայում կամ զբաղվել այդ շուկայով»,- ասացին Մրցակցության պաշտպանության կոմիտեից՝ հավելելով, որ Հայաստան հեղուկ գազ է ներմուծում մոտ 50 կազմակերպություն։
Հարցին՝ հնարավոր չէ՞, որ այստեղ հանցակազմ լինի, և այդ կազմակերպությունների տերերը ներքին համաձայնության գալով բարձրացնեն հեղուկ գազի արժեքը, պատասխանեցին, որ անհնար է 50 կազմակերպություն կարողանա նման համաձայնության գալ։ Թեև պատասխանն առանց հիմքերի էր և հենված ենթադրության և սուբյեկտիվ կարծիքի վրա, սակայն կփորձենք դրա հետ էլ համաձայնել։ Այստեղ, սակայն, կա մի մեծ բայց։
Հայաստանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու համար էլ գաղտնիք չէ, թե շատ հաճախ մեզանում ինչպես է ձևավորվում շուկան։ Նախկինում տարբեր շուկաների հետ կապված փաստարված հրապարակումներ են եղել, թե ինչպես են խոշոր գործարարները տվյալ շուկայում ստեղծում կազմակերպություններ՝ այդպիսով շուկան դարձնում մրցակցային և հենց այդ կազմակերպությունների միջոցով էլ շուկայում գին են որոշում։
Թերևս նման գործելաոճը գաղտնիք չպետք է լիներ նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար, և կառույցը կարող էր գոնե փոքր ուսումնասիրություն կատարել՝ հասկանալու և քաղաքացիներին ներկայացնելու համար, թե ինչո՞ւ է հեղուկ գազի գինը անփոփոխ մնացել այն երկրներում, որտեղից մենք ներկրում ենք այն և բարձրացել է միայն մեզ մոտ։ Սակայն հանձնաժողովից առանց որևէ ուսումնասիրության հերքում են հնարավոր հանցակազմի, ներքին պայմանավորվածությունների մասին վարկածները և նշում, որ այդ խնդրով իրենք չեն զբաղվելու։ Հանձնաժողովի թեժ գծի հեռախոսահամարին զանգահարած քաղաքացիներին էլ տրվում է նույն պատասխանը, և հորդորում են, որ իրենց չզանգահարեն։ Ստացվում է՝ քանի որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ այս ոլորտը մրցակցային է, այստեղ կարող են ամեն օր բարձրացնել հեղուկ գազի արժեքը՝ վստահ լինելով, որ որևէ մոնիթորինգի չեն ենթարկվելու։
Aurorwnews- ը հրավիրում է բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս հարցի վրա, քանի որ ստեղծվել է իրավիճակ, երբ տվյալ շուկայում բարձիթողի վիճակ է, և պետության մեջ չկա մի կառույց, որը գոնե կփորձի պարզել, թե գնաճը ինչ հիմքերով է և արդյո՞ք արհեստականորեն ստեղծված չէ։
Auroranews-ը չի պնդում, որ այստեղ հանցակազմ կա, սակայն առաջ է բերում բոլոր հնարավոր վարկածները և փորձում ստանալ որևէ պատասխան, քանի որ մեզ ահազանգում են մեծաթիվ քաղաքացիներ, իսկ նրանց ահազանգը անպատասխան չենք կարող թողնել և չենք էլ կարող ասել, որ չզանգեն մեր խմբագրություն, ինչպես անում են որոշ կառույցներ։