«Ուղևորություններ եղել են և լինելու են Շուշի». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմից բողոքի նոտայի հղումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «այս երկիրը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջներից բխող դիրքորոշում է ցույց տալիս» (չակերտները-Խմբ.): Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը չի կարող ոչ միայն բողոքել, այլև մեկնաբանել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածք կատարված որևէ ուղևորություն»,-ասել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, պատրաստելով նոտան, պետք է գոնե մտածի, թե ինչի դեմ է բողոքում և ինչի հիման վրա»:
«Շուշան (Շուշի) արդեն ազատագրված է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է: Ուղևորությունները եղել են և լինելու են այստեղ, վերականգնման աշխատանքներ են տարվում, քաղաքի օրինական տերերը կվերադառնան իրենց տները, մի խոսքով ՝ կյանքը նորից կեռա մեր մշակութային բնօրրանում», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:
Նա հավելել է, որ «ըստ ամենայնի, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարության բացակայությունը նույնպես ազդում է այս կառույցի կողմից պատրաստված փաստաթղթերի վրա: Անհրաժեշտ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»:
Հիշեցնենք, որ հուլիսի իննին Բաքվում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչ երկրի կառավարության հրավերով մեկնել է Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: Հրավերից հրաժարվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։
Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախաձեռնել է նաև քայլեր՝ հասցնելու Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը համապատասխան այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի պետությունը կործանումից փրկելու համար։ Այսօր հրավիրված աս...
Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է, թե ինչու է մերժել Բաքվի` Շուշի մեկնելու հրավերը
ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շ...