«Բերանը փակեցի ու գցեցի աղբամանը». Գյումրիում 10 ամսական երեխայի սպանության գործը մոտենում է ավարտին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, ընթացող Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործը մոտենում է ավարտին. նիստին հրապարակվել է գործով մեղադրող դատախազի մեղադրական ճառը։ 

Գործով մեղադրող դատախազ Արտյոմ Ավետիսյանը NEWS.am-ին հայտնեց, որ դատարանից պահանջել է երեխայի սպանության մեջ մեղադրվող Անի Մինասյանին 11 տարվա ազատազրկման դատապարտել։ 

Նա ասաց, որ գործով ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ դատավարության ընթացքում որեւիցե դիրքորոշում չի հայտնել։ 

«Նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ չէր կարողանում ապրել, գումարը սպառվել էր, դրա համար էլ զայրույթից նման քայլի է գնացել. պատմում է՝ այդ պատճառով էլ երեխային կպչուն ժապավենով կապեցի, բերանը փակեցի ու գցեցի աղբամանը, երեխայի լացի ձայնը գալիս էր, դա էլ ինձ հետ չպահեց, թողեցի ու հեռացա։ Նա հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չունի»,- պատմեց դատախազը եւ հավելեց, որ երեխան 10 ամսական է եղել։ 

Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր 2019 թվականի օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում՝ կպչուն ժապավենով կապված եւ կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

Քաղաքականություն

Պատահարներ