Քաղաքականություն

Բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, ասում էին մի բան, արեցին ճիշտ հակառակը. Մխիթարյանը ներկայիս կառավարության գործելակերպի մասին

Lilit T.
Բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, ասում էին մի բան, արեցին ճիշտ հակառակը. Մխիթարյանը ներկայիս կառավարության գործելակերպի մասին

Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադարձել է բուհերի կառավարման խորհուրդների մոդելին առնչվող հարցին և դրանով պայմանավորված քննարկումներին։ 

Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` ԿԳՄՍ նախարարությունը կամ կառավարող քաղաքական ուժը նախաձեռնեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» լրամշակման գործընթացը, որի շուրջ քննարկումները մեկնարկել էին դեռ վաղուց և մասնագիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները մեկ տարի առաջ արդեն իսկ ասում էին, որ այդտեղ առանցքային կետն առնչվում է բուհերի կառավարման մոդելին, կառավարման խորհուրդների ձևավորման կարգին։  

«Քանի որ մեզանում բուհերն ունեն բրգաձև կառուցվածք, որը ղեկավարում է գործադիր մարմինը` ի դեմս ռեկտորի, հետևաբար նրա լիազորություններն էլ շատ մեծ են։ Բայց քանի որ նա ընտրվում է մի կառույցի կողմից, որի անունը կառավարման խորհուրդ է և որտեղ մեծամասնությունը լիազոր մարմնի նշանակած մարդիկ են, ստացվում է, որ ողջ բուհն անցնում է տվյալ պահին երկրում քաղաքական մեծամասնություն ունեցող կամ կառավարություն ձևավորած ուժի ուղղակի ենթակայության տակ, քանի որ ռեկտորին ընտրող խորհրդի 9 հոգանոց կազմից 5-ին նշանակում է հենց լիազոր մարմինը` կառավարությունը կամ ԿԳՄՍ նախարարությունը»,– նշեց փորձագետը Sputnik Արմենիայի եթերում։ 


Մխիթարյանի կարծիքով` օրվա քաղաքական իշխանությունն առանցքային կետը դնելով նոր օրենքի հիմքում, ուզում էր կարճ ժամանակով իր ազդեցության լծակները բանեցնել ու իր ազդեցության ոլորտում պահել բոլոր բուհերին, որոնցում կուտակված է մտավորականության զգալի մասը, ինչպես նաև առաջադեմ երիտասարդությունը։  

«Դեռևս 2018 թվականի փետրվարին, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, ես, իմ համախոհները և ներկայիս քաղաքական իշխանության ներսում գործող շատ շատերը պայքարում էինք բուհերի քաղաքականացման դեմ և ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ դեմ էինք արտահայտվում այդպիսի կետին` առաջարկելով խորհրդի կազմի 50/50 տարբերակը, որպեսզի լիազոր մարմնի քաղաքական ազդեցությունը չզգացվի։ Բայց իմ երբեմնի համախոհները, գալով իշխանության, ավելի խստացրին այդ դրույթը, ինչի դեմ պայքարում էին նախկինում»,– նշեց փորձագետը։  

Մխիթարյանի խոսքով`այդ հարցը դարձավ լուրջ քննարկումների առարկա, որովհետև ներկայիս կառավարության գործելակերպի համաձայն` նախապես ասվում է մի բան, սակայն հետո արվում ճիշտ հակառակը։  


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250