Հաջորդ զեկույցում անկումն ավելի ակնհայտ է լինելու. իրավապաշտպանը՝ Freedom House–ի զեկույցում Հայաստանի նահանջի մասին
Հայաստանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցում 29 երկրների շարքում ազատության ցուցանիշների առումով, զբաղեցրել է 21–րդ հորիզոնականը, ինչը նահանջ է նախորդ տարվա հրապարակված զեկույցի համեմատ։
Փաստորեն Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է: Գրանցված անկումը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։
«Հեղափոխությունից հետո իշխանության կողմից տրված խոստումները բարելավման հույս էին տալիս, հատկապես՝ պետական ինստիտուտների առումով։ Սակայն, 2020թ. պատերազմը ցույց տվեց այդ ինստիտուտների լրջագույն բացերը։ Օրինակ, այդ զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած պատերազմի արդյունքում Հայաստանում լրջագույն ճգնաժամ է ձեւավորվել, եւ ժողովրդավարության վարկանիշը նվազել է։ Դա հիմնականում կապված էր իշխանությունների նկատմամբ հանրության վստահության եւ իշխանության գործունեության արդյունավետության նվազման հետ։ Զեկույցում մատնանշվում է Արցախից տեղահանված քաղաքացիներին աջակցության եւ նրանց համար կենսական նվազագույն պայմաններ ստեղծելու գործում պետական ինստիտուտների աջակցության բացակայության մասին։ Զեկույցում նշվում է նաեւ, որ հաճախ քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներ կատարում էին պետական հաստատությունների բացթողումները քողարկելու ֆունկցիան, ինչը նշանակում է, որ պետության ինստիտուցիոնալ համակարգը կայացած չէ, եւ այն փաստորեն չի աշխատում։ Այստեղ քիչ դեր չի խաղում նաեւ քաղհասարակության թիրախավորումը, որի վերաբերյալ պետությունը լրջագույն թերացում ցուցաբերեց՝ պաշտպանելու ժողովրդավարական այդ կարեւոր ինստիտուտը, որպեսզի քաղհասարակությունը մնա որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների լրջագույն պաշտպան»,– ասաց նա։
Թեեւ իրավապաշտպան կազմակերպության զեկույցում անդրադարձ չկա 2020թ.–ին Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, այնուամենայնիվ, իրավապաշտպանը կարծում է, որ դա եւս ազդեցություն է ունեցել զեկույցի վրա, քանի որ դրանք «իրավական գործընթացներից հեռու էին»։
2020թ. հրապարակված զեկույցում անդրադարձ կար նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին եւ ընտրություններին։ Ընդ որում, նշվում էր, որ այդ ոլորտներում լուրջ առաջընթաց կար։ 2021թ. զեկույցում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ դիտարկումները, ըստ Զառա Հովհաննիսյանի՝ խորը չեն եղել։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա 2020–ին ընտրություններ չեն եղել, հետեւաբար զեկույցում այդ մասին ոչինչ չի նշվել։
Մամուլի ազատության հետ կապված որոշակի դիտարկումներ կան 2020–ի վերաբերյալ զեկույցում, եւ այդ մասով առաջընթաց չի գրանցվել։
Զառա Հովհաննիսյանի համոզմամբ՝ 2021–ի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվելու է 2022թ.–ին, անկումն ավելի ակնհայտ է լինելու, պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ տեղի ունեցած գործընթացներով, ընտրություններով եւ զինվորականների ու Փաշինյանի միջեւ լարվածությամբ։
«Այս տարի մենք ունեցել ենք Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ «ոտնձգություններ», որովհետեւ ֆինանսական կայունության հետ կապված խնդիրը երբ առաջացավ, Freedom House–ը անմիջապես հայտարարություն տարածեց։ Վստահ եմ, որ դա արտացոլվելու է 2021թ.–ի զեկույցում։ Ես սպասում եմ նաեւ, որ 2021–ի զեկույցում կլինեն դիտարկումներ ընտրական գործընթացների վերաբերյալ։ Դա կախված կլինի այն բանից, թե ինչպիսի ընտրություններ Հայաստանը կկարողանա անցկացնել, եւ համեմատականներ կլինեն նախկին ընտրությունների հետ, եւ, ցավոք, հուսադրող չեն լինի արդյունքները, որովհետեւ արդեն իսկ նախընտրական իրավիճակը բարվոք չէ մարդու իրավունքների եւ ազատությունների տեսանկյունից։ Ընտրական գործընթացները դեռ չեն մեկնարկել, բայց մենք տեսնում ենք ընտրարշավային էլեմենտներ, եւ իշխանությունը փաստացի օգտագործում է վարչական ռեսուրս իր հանրահավաքները մարզերում կազմակերպելիս։ Սա արդեն իսկ խախտում է, ընտրարշավը դեռ չի մեկնարկել, եւ հավասար պայմանների խնդիր կա այլ մրցակիցների հետ։ Մենք արդեն իսկ ունենք անկման գործընթացներ, եթե ընտրությունների արդյունքները առաջացնեն կասկածներ, դա եւս ազդելու է այս միավորների վրա»,– նշեց Զառա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդավարության վերաբերյալ մոտեցումները նաեւ լրջագույն ազդեցություն են ունենում, երբ երկրում տեղի է ունենում վստահության անկում, սակայն, իշխանության բարձրագույն օղակները դրա հանդեպ պատասխանատվություն չեն զգում։
«Օրինակ, այլ երկրներում այդ դեպքերում, բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տալիս, իսկ Հայաստանում նման հրաժարականներ չեն լինում, ինչը եւս ցուցանիշ է, որ ժողովրդավարությունը այդքան էլ կայացած չէ, որովհետեւ ժողովրդավարության պարագայում աթոռից կառչելը խելամիտ չէ»,– նշեց նա։
Իրավապաշտպանը հավելեց, որ այս միտումները վտանգավոր են, որովհետեւ Հայաստանը կարծես կայուն կերպով փորձում էր գոնե կիսաժողովրդավարական գործընթացը առաջ շարժել, բայց փաստացի զեկույցներն ամրագրում են, որ այդ գործընթացներից հետ ենք կանգնել, ինչը շատ ցավալի է։