44-օրյա պատերազմի ընթացքում ինչո՞ւ Արցախի օդը փակված չէր. ՀՕՊ զորքերի շտաբի պետ Արմեն Վարդանյան

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների նկատմամբ որս էր հայտարարվել, բայց մարտական հաշվարկները մինչև վերջին վայրկյանը կռվել են։ Այս մասին ասում է ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը «Զինուժ» մեդիայի պատրաստած ռեպորտաժում։

 

«Կապիտան Օրդոյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝մարտական մեքենաներով ոչնչացրել հակառակորդի 21 ԱԹՍ, այդ թվում՝ «Բայրքաթար» և այլ ժամանակակից տեսակներ։ Ցավոք, կապիտան Օրդոյանը զոհվեց պատերազմի վերջին օրերին։ 22-րդը խլեց մեր սպայի կյանքը։

Ավագ լեյտենանտ, «Տոր» մարտական մեքենայի հրամանտար Հովհաննես Վարդանյանի հաշվարկով բազմակի խոցումներ իրականացնելուց զատ նաև միաժամանակ վարել է հակաօդային մարտ շուրջ չորս անօդաչու թռչող սարքերի դեմ։ Երեքը խոցել է, ցավոք, չորրորդը ոչնչացրել է մարտական մեքենաները, և զոհվել են մեր սպաները»,- նշում է նա։

 

ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանի կարծում է՝ ժամանակակից ռազմական տեխնիկայի արագ զարգացումը հնարավորություն չի ընձեռում առկա միջոցներով հրատապ կամ ամբողջությամբ ոչնչացնել հակառակորդի օդային հարձակման միջոցները։

«44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ուներ զարգացած ռազմարդյունաբերություն, համագործակցում էր Իսրայելի և Թուրքիայի հետ, որոնք մշտապես Ադրբեջանին են մատակարել օդային հարձակման գերժամանակակից միջոցներ։ Շատ դեպքերում ոչ միայն համատեղ արտադրել են այդ միջոցները, այլ նաև ռազմական գործողությունների ընթացքում իրենց օպերատորների միջոցով աջակցել և կռվել են մեր զինված ուժերի դեմ»,- ասում է Արմեն Վարդանյանը։

 

Ըստ նրա՝ օդը փակել ամբողջ ծավալով հնարավոր չէ անգամ ամենազարգացած գերտերությունների դեպքում․ «Գերտերություններն անգամ չունեն այնպիսի համակարգեր, որ ամբողջապես շարքից դուրս բերեն անօդաչու թռչող սարքերը»։

Արմեն Վարդանյանի խոսքով՝ ՀՕՊ ստորաբաժանումները կարողացել են որոշակիորեն կանխել հակառակորդի օդային գերակայույթունը՝ խոցելով անգամ այնպիսի զինտեխնիկայիով, որոնք նախատեսված չեն այդպիսի թիրախների համար

«ՀՕՊ ստորաբաժանումները ամբողջ պատերազմի ընթացքում վարել են մարտերը շուրջօրյա ռեժիմով։ Հայտնաբերվել, ուղեկցվել և մի մասը ոչնչացվել է։ Մոտ 1000 ինքաթիռաթռիչք , ուղղաթիռաթռիչք է հայտնաբերվել, 2700-ից ավել ԱԹՍ-ներ են հայտնաբերվել, որոնցից շուրջ 300-ը ոչնչացվել է։ ՀՕՊ ստորաբաժանումների անձնակազմը կարողացել է լավ կատարել մարտական խնդիրները՝ չնայած, որ հակառակորդը որս էր հայտարարել մեր ստորաբաժանումների նկատմամբ։ Այն միջոցները, որոնք մարտական գործողությունների ընթացքում խոցվել են տեղում վերանորոգել են և շարք վերադարձել, շարունակել կռվել»,- ընդգծում է գեներալ-մայոր Վարդանյանը։ 

 

Արմեն Վարդանյանն ասում է՝ պատերազմի ամբողջ ընթացքում հակառակորդը փորձել է գտնել հայկական զինված ուժերի օդային հզոր միջոցները, մասնավորապես՝ S-300 զենիթահրթիռային համալիրները։ «Հակառակորդն այդպես էլ չկարողացավ հասնել իր նպատակին, չոչնչացրեց գեթ մեկ S-300 զենիթահրթիռային դիվիզիոն։ Դիվիզիոններն անընդհատ խուսանավել և մարտեր են վարել։

Շուրջ 15 ԱԹՍ ունենք խոցված միայն S 125 զենիթահրթիռային համալիրներ հաշվարկների կողմից։ Դա գերազանց ցուցանիշ է, որովհետև այդ տեխնիկան նույնպես նախատեսված չէր այդպիսի մարտեր վարելու համար»,- ներկայացնում է նա։

Արմեն Վարդանյանը հայտնում է՝ խափանված զինտեխնիկայի մի մասն արդեն վերադարձել է մարտական հերթապահության, ոչնչացրած միավորներն էլ համալրման փուլում են։

«Աշխատանքներ են իրականացնում մեր ռազմավարական գործընկերոջ հետ և այլ պետությունների հետ նույնպես, որպեսզի ձեռք բերենք ժամանակակից միջոցներ, որոնցով մենք հետագայում կարողանալու ենք վարել մեր մարտական գործողությունները՝ պաշտպանելով մեր հայրենիքի անդորրը»,- ավելացնում է Արմեն Վարդանյանը։

 

Քաղաքականություն