2 անձ տվել է խոստովանական ցուցմունք. պետական դավաճանություն են կատարել. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից:
Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի Հանրապետության քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:
Արդյունքում, տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ առաջարկը, որից հետո ստորագրել և համացանցային կապի միջոցով նշված անձին է ուղարկել համապատասխան բովանդակությամբ համաձայնագիրն ու ընտրել իր ծածկանունը:
Դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 ԱՄՆ դոլար գումար:
Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
2021 թվականի ապրիլի 5-ին հիշատակված 2 անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ տանող մայրուղի, պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը
Wargonzo-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 4 ադրբեջանցի զինծառայողներ շրջանցել են Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դու...
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում պացիենտը նետվել է պատուհանից
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դ...
Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են շպրտել հայի մեքենայի ուղղությամբ. Կապանի համայնքապետ
Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հային պատկանող մեքենայի ուղղությամբ: Այ...
Տավուշի մարզում վնասել են Բերդավանում տեղադրված արագաչափը. ոստիկանները կարծել են ապրիլմեկյան կատակ է. SHAMSHYAN
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 1-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Աշոտ...