365 կգ հերոինի գործով մեղադրյալների թվում նաև իրանցի կա. 6 ձերբակալվածներից 3-ը ազատ են արձակվել. մանրամասեր

Երեւանի մաքսային պահեստներից մեկում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերով՝ 365 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով ձերբակալված 6 քաղաքացիներից երեքն ազատ են արձակվել: Նրանք հենց մաքսային պահեստից բերման էին ենթարկվել ՊԵԿ, ապա ձերբակալվել:

Հիշեցնենք՝ որպես խմորիչ հայտարարագրված 18 600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ «Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածքով նախատեսված էր տեղափոխել Արեւմտյան Եվրոպա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առանձնապես խոշոր չափերի թմրանյութը պետք է տեղափոխվեր Նիդեռլանդների Թագավորություն:

Ազատ արձակված երեք մեղադրյալներից երկուսը Հայաստանի Հանրապետության, իսկ մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Նրանց պաշտպան Մասիս Մելքոնյանը, որը չցանկացավ հրապարակել իր վստահորդների անունները,  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց:

- Պարոն Մելքոնյան, ինչո՞ւմ են մեղադրվում ձեր պաշտպանյալները եւ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում են հայտնել:

-  Մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրանյութ ներկրելու, Նիդեռլանդների Թագավորություն արտահանելու փորձ կատարելու եւ դրան օժանդակելու մեջ: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, տվել են օբյեկտիվ ցուցմունքներ: Երեք պաշտպանյալներիս ձերբակալելու՝ քննիչի որոշման դեմ բողոք էի ներկայացրել, մեկը դատարանի կողմից բավարարվել է եւ ձերբակալումը ճանաչվել ոչ իրավաչափ, իսկ երկուսին վարույթ իրականացնող մարմինը ազատ արձակեց՝ խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:

- Երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությո՞ւնը:

- Այո:

- Պարոն Մելքոնյան, կմանրամասնե՞ք, գործով ձեր պաշտպանյալներն ինչ առնչություն ունեն:

- Իմ վստահորդները ՀՀ-ում ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն առաջին անգամ Իրանում գտնվող կազմակերպության հետ պայմանագիր է կնքել Հայաստանի տարածքով Նիդեռլանդների Թագավորություն խմորիչներ ներկրելու եւ արտահանելու վերաբերյալ: Նրանք որեւէ առնչություն չունեն դրա ներկրման հետ, պարզապես այստեղ գործ ունենք անբարեխիղճ գործընկերների հետ: Ըստ էության իմ պաշտպանյալների նախաձեռնությամբ է կատարվել զննությունը: 

-Այսինքն, իրե՞նք են պահանջել ստուգել ապրանքը:

- Այո, այդ թվում բանավոր. պահանջը եղել է այն, որ բեռը Հայաստանի Հանրապետությունում պետք է պարտադիր բացվի, ստուգվի, որից հետո նոր տեղափոխվի այլ երկիր, եւ ըստ պայմանավորվածության՝ այո իրենք էլ են նախաձեռնել պահեստում ստուգում իրականացնել, որից հետո հայտնաբերվել է այդ թմրանյութը:

- Ասացիք, որ Իրանում գտնվող կազմակերպության հետ բանավոր պայմանավորվածություն  է եղել բեռը ՀՀ-ում ստուգելու վերաբերյալ, այդ դեպքում, ըստ ձեզ, ինչո՞ւ պետք է Իրանում գտնվող կազմակերպությունը խմորիչի փոխարեն թմրամիջոց ներմուծեր ՀՀ՝ իմանալով, որ բեռը ըստ պայմանավորվածության ստուգվելու է:

- Այդ կազմակերպության փոխարեն չեմ կարող ասել, բայց ես ներկայացնում եմ իմ պաշտպանյալների շահերը, ովքեր, այո՛, պնդում են, որ իրենք պահանջել են, որպեսզի բեռը Հայաստանում ստուգվի: Ասեմ, որ եթե քաղաքացին դիմում է, դա դեռ բավարար չէ, որ պատկան մարմինները բացեն եւ ստուգեն, ստուգելու համար պետք է լինեն բավարար հիմքեր:  Քաղաքացին իր ապահովության համար իր գործընկեր կազմակերպության առաջ պայման է դրել, որ այդ բեռները պետք է ստուգվեն, ինքը պետք է համոզվի՝ ինչ է ներկրվում, ինչ է արտահանվում, քանի որ ողջամտորեն կարող է կասկածել՝ նման գործարք առաջին անգամ է կնքվում: Ըստ էության, ենթադրում եմ, որ պատկան մարմիններն էլ կասկածներ են ունեցել, դրա համար բեռը ստուգվել է, բայց ակտիվ նախաձեռնություն իմ պաշտպանյալները եւս ցուցաբերել են:

- Իսկ իրենք դիմե՞լ են իրավապահներին:

- Ոչ, պաշտոնապես չեն դիմել, բայց երբ նրանց հրավիրել են պահեստ, նրանք գնացել, մասնակցել են եւ այո՛, ցանկություն են հայտնել եւ չեն առարկել, որպեսզի բեռը ստուգվի:

- Ձեր պաշտպանյալնե՞րը պետք է բեռը տեղափոխեին կամ ուղարկեին Նիդեռլանդներ:

- Ուղեկցող բեռնափոխադրող կազմակերպություններ են եղել, (Իրանից Հայաստան բեռը փոխադրող վարորդը, ինչքան գիտեմ, ձերբակալված է), ձեւակերպումները կատարելուց հետո պետք է համապատասխան բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության միջոցով ուղարկվեր արդեն Նիդեռլանդներ: Քանի որ Իրանի դեմ բոլոր առումներով սանկցիաներ է կիրառվում, եւ իր տարածքից չի կարող եվրոպական երկրներ բեռնափոխադրում իրականացնել, ուստի փնտրում են ՀՀ-ում գործընկերներ, որպեսզի այստեղ գործող կազմակերպությունների փաստաթղթերով ձեւակերպի բեռը. դա կրում է  ընդամենը դեկլարատիվ բնույթ: Եվ երբ բեռը ձեւակերպում է ՀՀ-ում գրանցված կազմակերպության միջոցով, արդեն կարող է արտահանվել եվրոպական որեւէ երկիր: Սա էլ իր հերթին վկայում է, որ իմ պաշտպանյալներ չեն ունեցել որեւէ դիտավորություն նման քանակի արգելված թմրանյութ Հայաստան ներմուծելու համար:

- Պարոն Մելքոնյան, հայտնի՞ է, ովքեր են պատվիրատուն, կազմակերպիչը, ովքեր են կանգնած ետեւում:

- Գործում որեւէ փաստական տվյալ, անգամ տեղեկություն չկա, նախաքննական մարմնի առաջ բավականին դժվար խնդիր կա, պետք է այդ ամենը պարզի, բայց որ իմ վստահորդները չեն կազմակերպել նման բան, այս պահին գործով հաստատված հանգամանք է: Շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք Իրանում գտնվող ընկերությունից, որը պետք է նախաձեռնի վարույթն իրականացնող մարմինը:

- Տեղեկություն կա՞, Նիդեռլանդներում գտնվող կազմակերպությունը թմրանյութի հետ կապված նախնական համաձայնություն ունեցե՞լ է Իրանում գտնվող կազմակերպության հետ:

- Բնականաբար Նիդեռլանդներում գտնվող կազմակերպությունը պետք է ընդուներ բեռը. ունեցել են նախնական համաձայնություն, թե ոչ, տեղյակ են եղել, որ բեռի մեջ թմրանյութ կա, թե ոչ՝ դա ես չեմ կարող ասել: Բայց որ ՀՀ-ում գտվող ՍՊԸ-ին ընդամենը դեկլարատիվ  մասով օգտագործում են, որ փաստաթղթային  ձեւակերպումներ իրականացնեն եւ խուսափեն սանկցիաներից, դա փաստ է:

- Իրանում գտնվող կազմակերպության անունը հայտնի՞ է:

- Չեմ կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է:    

- Պարոն Մելքոնյան, իսկ ինչպես է թմրանյութը անցել մաքսակետերով եւ միայն Երեւանի մաքսային կետում հայտնաբերվել:

- Դա ըստ ըստ էության օրենքի շրջանակներում է, քանի որ տարանցիկ բեռ է, բնականաբար մաքսային պահեստում բեռնաթափելուց հետո ենթադրում է ուսումնասիրություն կամ զննում. հետեւաբար երեւի պատկան մարմինները սահմանի վրա կասկածելի բան են նկատել, տեղափոխել են պահեստ, որտեղ ուսումնասիրության են ենթարկել, որեւէ արտառոց բան չեմ տեսնում:

- Իսկ որքա՞ն ժամանակ է բեռը պահեստում, ե՞րբ է տեղափոխվել Հայաստան:

- Կարծեմ 5 օր առաջ են բերել:

Քաղաքականություն