Եթե լինեն գործողություններ, մարդիկ դուրս կգան դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահաստատելու. Բնապահպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Եթե լինեն գործողություններ, մարդիկ դուրս կգան դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահաստատելու,- «Փաստինֆո»-ին հայտնեց բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը։

Նշենք, որ նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեծ է Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը։

«Վարչապետն ինչ-որ նորություն չասաց, փոխարենը հստակեցրեց, որ իր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք երեք տարիների ընթացքում հասցրել ենք նկատել, որ ի սկզբանե այս կառավարությունը հակված էր հանքը շահագործելուն»,- ասաց բնապահպանը:

Բունիաթյանի խոսքերով՝ Ամուլսարի հարցում ժողովրդի մոտ կա հստակ արմատավորված դիրքորոշում, կամք, որը թույլ է տվել երեք տարիների ընթացքում սարը կանգուն պահել։

«Ամուլսարում հանք շահագործելու հավանականությունը միշտ էլ մեծ է եղել։ Եթե դա հանրային ձևով շատերը չեն լսել վարչապետի կողմից, մենք 3 տարիների ընթացքում դա հասկացել ենք»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ պատերազմից առաջ տարածքում 24 ժամյա հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ, երբ թուլացնում են հսկողությունը, անմիջապես փորձում են մուտք գործել տարածք։ «Անցյալ տարի էլ ոստիկանական մեծ ուժեր էին բերվել Ամուլսարի տարածք, մարդկանց նկատմամբ ուժ կիրառվեց, ինչն էլ ենթադրությունների առիթ էր դարձել, որ վարչապետի՝ մեծ հավանականություն ասվածը միշտ եղել է ու այս պահին բնապահպաններն ու ջերմուկցիներն ինչ- որ փոփոխություն չեն տեսնում»,- նշեց նա։

Վարչապետը հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ, պատասխանել է, որ իր վերաբերմունքը չի փոխել, որովհետև ինքն այն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մեկ տարի առաջ:

Բնապահպանը նշեց, որ անընդունելի կլիներ պատերազմն օգտագործել որպես հանքը շահագործելու առիթ։

«Մենք տեսանք, որ թեկուզ ՍՈՒ 30 ինքնաթիռները, որոնք բարձր գներով ձեռք էին բերել, ուղղակի չօգտագործվեցին։ Այսինքն` հարցը պատերազմում ֆինանսը չէր, այլ ճիշտ նպատակին ծառայող զինտեխնիկայի ձեռքբերումը ու Ամուլսարի շահագործումը պետք չէ ուղղակի օգտագործել որպես պատերազմի արդյունքների պատրվակ, որովհետև Ամուլսարը պետական հանք չի լինելու և եկամուտները չեն լինելու մեր երկրին»։

Բունիաթյանը նաև նկատել է, որ վարչապետը վերջին շրջանում զրույցների ընթացքում հաճախ է բնապահպանական հետևանքներից խոսում՝փորձելով ներկայացնել, որ այսօր զարգացող աշխարհում բնապահպանական խնդիրներ միշտ էլ լինելու են։ Բայց, ըստ նրա, անթույլատրելի է Ամուլսարը դիտարկել այդ հարթության վրա ու խնդիրը ներկայացնել ուղղակի բանավեճ, կամ տարաձայնություն՝ բնապահպանների ու կառավարության միջև։ Ավելին՝ նրա պնդմամբ՝ Ամուլսարը խորքային, բազմաշերտ խնդիր է Հայաստանի համար։

«Այստեղ կան ժողովրդի խախտված իրավունքներ, առողջարանային գոտու հարց ու մյուս ներդրողների իրավունքների հարց։ Ջերմուկում կան այլ ներդրողներ ևս ու չկա երաշխիք, որ այդ բնագավառը չի տուժելու։ Հանք շահագործող ընկերությունը չի տալիս ոչ մի երաշխիք, որ իր գործունեության հետևանքով մյուս ոլորտները չեն տուժելու»։

Բունիաթյանը նկատեց, որ պատերազմի օրերին Քաջարանի հանքը խոցելի էր դարձել թշնամու կողմից, Սոթքի հանքը ևս նշանառության տակ էր։ Եվ, չնայած փակ սահմանների, պատերազմական վիճակին, Ջերմուկում զբոսաշրջիկներ, այնուամենայիվ, կային։

«Դրանից հետո էլ այս պահին տեսնում ենք, որ Սոթքի հանքում անորոշ վիճակ է, իսկ Ջերմուկում կան զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջությունը զգայուն ճյուղ է ու միաժամանակ արագ վերականգնվող»։

2020 թվականի սեպտեմբերին պատերազմի սկսվելուց հետո Ամուլսարի մուտքերում 24 ժամյա հերթապահություն չի իրականացվել, քանի որ շատերը կամավոր գնացել են պատերազմ։ Ցավոք, որոշները զոհվել , որոշների ճակատագիրն էլ մինչև այս պահը անհայտ է։

Այս պահին բնապահպանների տվյալներով, պահնորդական ծառայությունից բացի ոչինչ չկա ու Ամուլսարը թաղված է 3-4 մ հաստության ձնահոսքի տակ։

Քաղաքականություն

Պատահարներ