«Ես գտնում եմ, որ այսօր սահմանների փակ լինելը կապված չէ միայն ԼՂ-ում պատերազմի հետեւանքների հետ». Իմքայլական պատգամավոր

ԱԳ նախարարը երեւի թե նկատի ուներ, որ Թուրքիան միշտ որպես պատրվակ սահմանների հարցում բերում էր Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած՝ օկուպացված լինելը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությանը, ըստ որի Թուրքիան այլեւս որեւէ պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը չբացելու համար: 
«Բայց ես գտնում եմ, որ այսօր սահմանների փակ լինելը կապված չէ միայն ԼՂ-ում պատերազմի հետեւանքների հետ։ Ինձ թվում է՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ հեռու են բարեկամական լինելուց։ Երկար ժամանակ պետք է անցնի, Թուրքիայում  փոփոխություններ պետք է լինեն, որ մենք կարողանանք Թուրքիային տեսնել ուղղակի երկիր, էլ չեմ ասում հարեւան երկիր: Ես չեմ տեսնում այդ մթնոլորտը Թուրքիայում: Ես հետեւում եմ ոչ միայն Էրդողանի կամ Չավուշօղլուի հայտարարություններին, այլ նաեւ Դեւլեթ Բահչելիի հայտարարություններիօն, որը  կոալիցիայի մեջ մտնող ուժի ղեկավար է: Դրանք բավական մտահոգիչ են եւ ես կասեի՝ ռասիստական»,-ասաց նա: 
Հարցին, թե արդյոք այսօր Հայաստանը պահանջ ունի Թուրքիայից, մասնավորապես, Ցեղասպանության ճանաչում, Իգիթյանը պատասխանեց. «Իհարկե, բայց մենք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայից չենք պահանջում: Դա իրականացված փաստ է, որը շատ երկրներ հաստատեցին: Թուրքիան երբ հասկանա, կամ ճնշումն այնքան մեծ լինի, որ ճանաչի, կճանաչի, բայց մենք չենք խնդրում, որ Թուրքիան ճանաչի: Երբեք չենք խնդրել: Մենք միայնակ չենք այս փաստը ճիշտ ձեւով հասկանալու հարցում: Շատ կարեւոր երկրներ, միջազգային կառույցներ ճանաչել են: 
Այս քաղաքական աղմուկի մեջ, որը ես համարում եմ արդյունք չտվող աղմուկ, մենք կորցնում ենք ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը գնահատականն է տեղի ունեցածին: Ի՞նչ է տեղի ունեցել. Ադրբեջանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները, Թուրքիան խախտելով բոլոր բանաձեւերը եւ միջազգային իրավունքը ուղղակի մասնակցեց պատերազմին՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքը: Օգտագործվել են ջիհադիստ վարձկաններ: Փոխանակ մենք փորձենք միջազգային ատյաններում բարձրացնենք այս հարցը, ընկել ենք այս հեռացիր-միհեռացիր, կամ կմնամ-չեմ մնա բանավեճի մեջ: Ինձ թվում է՝ քաղաքական կյանքը պետք է գնար իր հունով, բայց մենք չպետք է մոռանայինք ստեղծել այն օրակարգը, որը կարող է շտկել իրավիճակը»,-ընդգծեց նա:

Պատահարներ