Հունվարի 27-ը կսահմանվի հայրենիքի պաշտպանների հիշատակի և հանգստյան օր․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով հունվարի 27-ը կառաջարկվի սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։


Ռուբինյանը հիշեցրել է, որ 2000 թվականին ընդունված «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքը սահմանում է հարգանքի արժանի անձանց կատեգորիաները, որոնք զոհվել են ռազմական գործողությունների ժամանակ կամ ծառայողական պարտականությունների ընթացքում։ Օրենքով նախատեսված համապետական հիշատակի օրը մինչ օրս չի հաստատվել։


Ռուբինյանի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները՝ Ապրիլյան և 44-օրյա պատերազմները, Հայաստանի դեմ հարձակումները, ինչպես նաև 2023-ի սեպտեմբերյան դեպքերը, երբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվեց էթնիկ զտման, ընդգծում են միասնական հիշատակի օրվա անհրաժեշտությունը։


Նախագծով առաջարկվում է հիշատակի օրը նշել հունվարի 27-ին՝ Բանակի օրվան նախորդող օրը, որպեսզի այն չկապվի կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց ունենա խորհրդանշական իմաստ։


«Հունվարի 27-ին կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, իսկ հունվարի 28-ին կտոնենք Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի և անկոտրում կամքի խորհրդանիշ», - ասել է Ռուբինյանը։


Նա նշել է, որ հունվարի 27-ը նախատեսվում է սահմանել ոչ աշխատանքային օր՝ հնարավորություն տալով քաղաքացիներին, զինծառայողների ընտանիքներին, պաշտոնյաներին և ուսումնական հաստատություններին այցելել հուշավայրեր ու կազմակերպել կրթական միջոցառումներ։

Քաղաքականություն