Իսրայելում հաստատել են ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը: Այս մասին հաղորդել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը:
Օրինագծի օգտին քվեարկել է 120 պատգամավորներից 39-ը, 16-ը՝ դեմ:
Այդ օրինագիծն առաջադրել է կառավարական կոալիցիայի կազմի մեջ մտնող «Հրեական ուժեր»-ի անդամ Լիմոր Սոն Հար Մելեխը: Ըստ The Jerusalem Post թերթի տվյալների՝ օրինագիծը ենթադրում է մահապատժի կիրառում ցանկացած անձի նկատմամբ, որը «դիտավորյալ կամ անտարբերությունից ելնելով մահ է պատճառում Իսրայելի քաղաքացու, երբ այդ արարքը կատարվում է ռասիստական դրդապատճառներով կամ բնակչության որոշակի խմբի նկատմամբ ատելության պատճառով»:
Քնեսեթն այդ օրինագիծը նախնական ընթերցմամբ հաստատել էր 2023 թվականի մարտի 1-ին:





























