Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Հասրաթյան
Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շուշին ստեղծվել է Մեծ Հայքի 10-րդ՝ Արցախի նահանգի Վարանդա գավառում եւ որպես պաշտպանական ամրություն ծառայել տեղի հայ բնակչությանը: Այն հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից մեկը: Ուշ միջնադարում Շուշին հիշատակվում է տարբեր անուններով, այդ թվում՝ Քար, Քարագլխի սխնախ, Շոշ բերդ, Շոշի սխնախ: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով Շուշիի բերդը վերակառուցվել ու ամրացվել է:
1725թ. ութ օր տեւած մարտերից հետո հայերը փախուստի են մատնել թուրքական 40 հազարանոց զորքին: 18-րդ դ. 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Արցախի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, տիրացել է Շուշի ամրոցին: 1752թ. հիմնվել է Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, իսկ Փանահ Ալին իրեն հռչակել է Ղարաբաղի խան: 1790-ականներին Շուշին դարձել է ռազմական կարեւոր գործողությունների թատերաբեմ: 1795թ. օգոստոսին պարսկական զորաբանակը 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել գրավել: 1797-ի գարնանը ձեռնարկելով երկրորդ արշավանքը, Աղա Մահմեդը գրավել է բերդը: 19-րդ դարի սկզբին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1805թ. մայիսին Կյուրակչայի պայմանագրով, Ղարաբաղն անցել է Ռուսաստանին:
Շուշիում պարսկական կայազորին փոխարինել է ռուսականը: 1826թ. հուլիսին նորից է սկսվել պատերազմ Պարսկաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Պարսկական 60 հազարանոց բանակը պաշարել է Շուշին, սակայն բերդի պաշտպանությունը ստանձնած ռուսական կայազորի 1700 զինվորները եւ 1500 հայ աշխարհազորայինները կարողացել են ձախողել պարսիկների նվաճողական ծրագրերը: 19-րդ դարի կեսին Շուշին ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը՝ հայ, 1895-ին՝ 33252 բնակիչ, որից 20584-ը՝հայ: 1905թ. Շուշիում տեղի ունեցած թաթարա-հայկական ընդհարումների ժամանակ ավերվել է հայկական առեւտրական թաղամասը, ինչի արդյունքում արձանագրվել է քաղաքի բնակչության զգալի նվազում՝ հասնելով 16500-ի:
Հետագա տարիներին բնակչության թիվը նորից աճել է: 1916 թվականի տվյալներով Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլ ազգեր: 1918-1920 թվականներին Շուշին եւ շրջակա հայկական բնակավայրերը թուրք-թաթարական խաշնարածների կողմից ենթարկվել են նոր ջարդերի եւ կոտորածների: Միայն 1920թ. մարտի 22-23-ի գիշերը թուրք-մուսավաթական հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների, կողոպտել եւ հրի մատնել ողջ հայկական թաղամասը: 1921թ. Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին:
Խորհրդային տարիներին Շուշին զգալի անկում է ապրել: Տեղի իշխանությունները՝ Բաքվի անմիջական հովանավորությամբ ավերեցին եւ ոչնչացրին քաղաքում եղած գրեթե այն ամենը, ինչ հայկական էր, այդ թվում՝ դեռեւս կանգուն մնացած եկեղեցիները: 1988թ. Շուշիից բռնատեղահանվեց քաղաքում դեռեւս մնացած 2000 հայ: Դրանից հետո երբեմնի հայոց բերդաքաղաքը Ադրբեջանը վերածեց ռազմակայանի»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչը...
Զինծառայողների զինգրքույկներում «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից. «Հրապարակ»
«Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվո...
Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն
Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ Այդ մասին ֆեյսբուքյան ի...
Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները. Շահնազարյան
Հունվարի 20-ին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (Ա...