Հասարակություն

Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները. Շահնազարյան

Unknown 947 դիտում
Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները. Շահնազարյան

Հունվարի 20-ին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրական թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը: Ինչպես հայտնում է Pastinfo-ն, վերջինիս որոշ հայտարարություններ աղմուկ են բարձրացրել Ադրբեջանում: 

«Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք: Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում: Այս թվերը չափազանց կարևոր են, և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազգային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հանցագործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակցությունների գնալ»,- ասել էր նա:

Խոսելով լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու մասին՝ նա նշել էր, որ քանի որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է վերջինիս գերի լինելու փաստը, ուստի դրա համար է բացառություն անում. ուրիշ որևէ գերու մասին այս պահին դեռ ոչինչ չի հրապարակում:

«Իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք առևանգվել նոյեմբերի 10-ին: Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի բանտը: Շատ մեծ բանտ է՝ մի քանի մասնաճյուղերով: Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում: Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասել էր Դավիթ Շահնազարյանը:

Պարզվում է՝ սա լուրջ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում: Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևից պահանջել է լուրջ քննություն սկսել, պարզել արտահոսքի աղբյուրն ու զեկուցել իրեն:

«Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, նա չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները»,- ծիծաղելով ասել է Դավիթ Շահնազարյանը՝ ի պատասխան կայքի՝ տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250