Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ցամաք դուրս եկած հայկական եկեղեցին գանձագողերի թիրախում է հայտնվել
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ցամաք դուրս եկած հայկական եկեղեցին, որը գտնվում է Հին Էրջիս (Արճեշ) քաղաքում, գանձագողերի թիրախ է դարձել: Եթե այն պահպանելու համար ոչ մի քայլ չձեռնարկվի, ևս մեկ մշակութային կոթող կարող է վերանալ:
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը գրում է, որ թուրք ակադեմիկոս Սեդաթ Ուլուգանը կոչ է արել պահպանել հայկական եկեղեցին:
Այսօր որոշ շրջանակների կողմից Չելեբիբաղը կոչվող Հին Արճեշը Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով 1841 թվականին անցել էր ջրի տակ: Հետագայում երաշտի հետևանքով քաղաքը կրկին ցամաք էր դուրս եկել:
Մինչ այսօր հիշատակվում է քաղաքի ամրոցի ներսում գտնվող շենքերի և պատմական մզկիթի մասին, սակայն եկեղեցու մասին ոչ ոք չի հիշատակում:
1655 թվականին այստեղ եկած հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին ամրոցի մասին գրել է. «Սա անառիկ ամրոց է` տեղակայված ոչ այնքան բարձր բլրի վրա` Վանա լճի ափին: Ամրոցի ամեն քարը մի փղի մեծության է: Ամրոցը երկու դարպաս ունի, Ադիլջևազի դարպասներն ամենամեծն են: Ամրոցի ներսում հազարավոր տներ ու 200 խանութ կա: Բնակչության մի մասը քրիստոնյա է»:
Արճեշում Թարհան կոչվող հին հայկական մի ընտանիք է եղել: Նշվում է, որ հայկական եկեղեցին ստեղծվել է հենց այդ տոհմի ներկայացուցիչ հայ հոգևորականների կողմից:
Այսօր արդեն եկեղեցին քանդվում է գանձագողերի կողմից, և եթե քայլեր չձեռնարկվեն, ևս մեկ պատմական կոթող կվերանա: