Արսեն Խառատյանը դատի է տվել Հրանտ Բագրատյանին

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատի է տվել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ զրպարտության եւ վիրավորանքի համար:

Արսեն Խառատյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.

«Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայցի մասին

Քանի որ զանգեր եմ ստանում լրատվամիջոցներից ու ընկերներիցս Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ, հարկ եմ համարում այստեղ մանրամասնել որոշմանս հիմքերն ու պատճառները.

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ վիրավորական արտահայտություններ է արել, ինչպես նաեւ գոյություն չունեցող փաստեր վերագրել ինձ:

Վիրավորանք

Նախկին վարչապետն իր գրառման մեջ ինձ անվանում է «սորոսական էմիսար», «սորոսական թափթփուկ», մտապնդումներ անում, թե` մեջբերում եմ. «թքած ունենք Արցախի ընտրությունների վրա, ինչպես Ադրբեջանը»:

Զրպարտություն

Բագրատյանը ինձ է վերագրում բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Մասնավորապես հայտարարում է, թե իբր ես, Արցախի ընտրությունները հայտարարել եմ կեղծված, պահանջել եմ Բակո Սահակյանի հրաժարականը, օգտագործել եմ Արցախի հեղափոխական ուժերին եւ այլն:

Վիրավորանքից զատ, Բագրատյանի այս հայտարարությունը բացահայտ սուտ է եւ` ըստ իս, նպատակ է ունեցել շեշտադրված նեգատիվ ենթատեքստ տալով խեղաթյուրել հանրային ընկալումները իմ նկատմամբ, ուստիեւ` պատասխան է տալու դատարանում:

Մնում է հուսալ, որ հայցը կլսվի հնարավորինս սեղմ ժամկետներում եւ չի արժանանա իմ ու ընկերներիս արդեն երկար ձգվող մի քանի այլ հայցերի ճակատագրին»:

Քաղաքականություն