Կորոնավիրուսից մահացությունն 100 անգամ ավելի բարձր է, քան սեզոնային գրիպի համաճարակից. ֆրանսիացի գիտնական

Covid-19 տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը, որից մոտ 2800-ը ավարտվել են հիվանդների մահով: Ֆրանսիայում, ինչպես աշխարհի շատ երկրներում, հարյուրավոր գիտնականներ աշխատում են պատվաստանյութի մշակման և կորոնավիրուսների բուժման վրա: Բայց դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կավարտվի ժամանակի դեմ այս մրցավազքը: 

 

Ի՞նչ գիտենք և չգիտենք կորոնավիրուսի մասին: Կարո՞ղ ենք արդյոք խոսել Covid19-ի համաճարակի մասին: Եվ ե՞րբ գիտնականները կգտնեն բուժման տարբերակն այս նոր հիվանդության համար:  RFI-ի հարցերին պատասխանել է CNRS-ի նախկին գիտնական Ֆրեդերիկ Տանգին, ով աժմ հանդիսանում է Փարիզի Պաստերի ինստիտուտի Կորոնավիրուսի պատվաստանյութերի պատրաստման լաբորատորիայի աշխատակից:

 

- Ինչո՞ւ է ամբողջ աշխարհն այդքան վախենում կորոնավիրուսային համաճարակից: Մահացությունների մեծ քանակի պատճառո՞վ: 
 

-Չինաստանի վերջին թվերի համաձայն, մահացության մակարդակը ներկայում կազմում է 3,3 տոկոս: 

 

-Արդյո՞ք դա ավելին է, քան մահացությունը սովորական գրիպից: 

-Իհարկե: Գրեթե հարյուր անգամ: Ըստ տարբեր աղբյուրների, կորոնավիրուսից մահացությունը հիսունից հարյուր անգամ ավելի բարձր է, քան սովորական սեզոնային գրիպի համաճարակից մահացությունը: 

 

-Բայց արդյո՞ք սա ավելի քիչ վտանգավոր է, քան 2003 թվականին գրանցված Սուր շնչառական սինդրոմի (SARS) համաճարակը:

 

-Միանշանակ դժվար է պատասխանել: Վարակների քանակով և մահվան դեպքերով, մենք վաղուց անցել ենք SARS համաճարակի ծավալը: Բայց տոկոսային առումով SARS համաճարակը ավելի վտանգավոր էր. Այդ ժամանակ մահացության մակարդակը կազմում էր մոտ 9%, այսինքն՝ երեք անգամ պակաս, քան հիմա: Բայց երեք տոկոսն էլ արդեն շատ է: Եթե ​​կորոնավիրուսը սովորական գրիպ լիներ, ապա հիվանդների ներկայիս թիվը կլիներ ընդամենը քառասուն մարդ, ոչ թե 2700: (ԱՀԿ տվյալներով, փետրվարի 27-ին, աշխարհում ավելի քան 81 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 2760 հիվանդ-խմբ.) Այսինքն ՝ կորոնավիրուսից մահացությունն այսօր 60 անգամ գերազանցում է սովորական գրիպից մահացությանը: 

 

-Ո՞վ է համարվում ռիսկային կորոնավիրուսի համար: Ո՞վ է առավելագույնը տառապում կորոնավիրուսից:

 

-Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել կորոնավիրուսով: Բայց ինչպես ցանկացած վարակիչ հիվանդություն դեպքում, թույլ առողջություն ունեցող մարդիկ մահվան ավելի մեծ վտանգ ունեն: Սրանք կամ նորածիններն են կամ տարեցները, ինչպես նաև շաքարային դիաբետով տառապողները, սրտի հիվանդություններ ունեցողները, ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր արդեն ունեն ինչ-որ լուրջ հիվանդություն: Եվ չնայած այսօր մենք չունենք ամբողջական տվյալներ, սակայն հայտնի է, որ կորոնավիրուսից մահանում են տարեցները: Որքան ես գիտեմ, մինչև 18 տարեկան երեխաների մահվան դեպք չի գրանցվել:

 

-Մտահոգություն կա, որ առավել անհանգստացնողը վիրուսի, այսպես կոչված, «ասեմպտոմատիկ» կրիչները: Սրանք այն մարդիկ են, ովքեր չեն դրսևորում հիվանդության արտաքին որևէ նշաններ, բայց միևնույն ժամանակ նրանք կարող են վարակել ուրիշներին կորոնավիրուսով: Նման բան հնարավո՞ր է: 

 

-Այո, իհարկե: Ինչպես ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում, մարդիկ կարող են վիրուսի կրող լինել՝ առանց հիվանդանալու, և այն փոխանցել այլ մարդկանց: Առավել հաճախ հենց վիրուսներն այսպես էլ փոխանցվում են: 

 

-Եվ ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել դրանից: 

-Նման դեպքերում ոչինչ անել հնարավոր չէ: 

- Բացի քաղաքների մեկուսացման և թռիչքների արգելքի:

 

-Այո, այդպիսով Չինաստանը կարողացավ նվազեցնել համաճարակի տարածումը, բայց վարակված է մոտ 80 հազար մարդ, սա շատ է: Բայց մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե Չինաստանը չփակեր վարակի տարածման քաղաքները:

 

-Որո՞նք են կորոնավիրուսների ներկայիս բուժումները և որքա՞ն շուտ կարելի է սպասել կորոնավիրուսային պատվաստանյութերի ստեղծմանը: 

 

-Կորոնավիրուսի համար պատվաստանյութ կգտնենք, բայց երբ դա տեղի կունենա, դժվար է ասել: Այս ամենի վրա այժմ աշխատում են տարբեր երկրների բազմաթիվ լաբորատորիաներ: Այնուամենայնիվ, կան տարբեր տեխնոլոգիաներ: Կարծում եմ, որ մինչև ապրիլ կամ մայիս ամիսները կստեղծվեն առաջին պատվաստանյութերը: Բայց այդ պատվաստանյութերի որակը անպայման չէ, որ լավ լինի, քանի որ արագ տեխնոլոգիան թույլ չի տալիս դա: Ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք թույլ կտա մեզ պատվաստանյութը արտադրել սեպտեմբեր ամսից ոչ շուտ: Եվ իհարկե, մենք հուսով ենք, որ մինչև այս պահը համաճարակը կավարտվի:  

 

Ինչ վերաբերում է բուժմանը, կորոնավիրուսի համար հատուկ դեղեր չկան: Այժմ բուժվում են միայն ախտանշանները: Կան առաջին հրապարակումներ տարբեր հակավիրուսային գործակալների հետ բուժման արդյունքների վերաբերյալ (օրինակ ՝ Էբոլա կամ հեպատիտ C- ի բուժման մեջ օգտագործված), բայց մինչ այժմ դրանք միայն նախնական տվյալներն են: Ասել, թե ինչպես են նրանք գործելու համատարած օգտագործման դեպքում, դժվար է: 

 

-Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ համոզվելու, որ բուժուման տարբերակներից մեկը գործում է: 

-Դա ասելն նույնքան դժվար է, որքան պատվաստանյութ պատրաստելու ժամանակացույցը նշելը: Եթե ​​արագ գործենք և քիչ բան ուսումնասիրել կողմնակի բարդությունների մասին, ապա ամեն ինչ կարող է լինել ավելի արագ: Բայց նորմալ պայմաններում նման աշխատանքը տարիներ է պահանջում: Այս իրավիճակը, ցավոք, սովորական է: Վիրուսը լրիվ նոր է, նախկինում անծանոթ: Հնարավոր չէ գիտնականներից պահանջել դեղեր մի վիրուսի բուժման համար, որը երկու ամսի առաջ է ի հայտ եկել: Նոր դեղամիջոց մշակելու համար շատ ժամանակ է պահանջվում: Ներկա փուլում, վիրուսի տարածման երկու ամիսների ընթացքում դեռևս պատրաստի բուժում մշակված չկա: 
 

-Դուք, որպես գիտնական, վախեցա՞ծ եք այս համաճարակից: Դուք ավելի անհանգստացած եք հիմա՞, քան, օրինակ, SARS համաճարակի ժամանակ: 

 

-Այո, քանի որ համաճարակը զարգանում է ավելի արագ, քան SARS- ը: Այն ժամանակ համաճարակի բռնկման կետը բավականին արագ մարեց: Հիմա զարգացումը վերահսկողությունից դուրս է: Մենք այժմ համաճարակի եզրին ենք: Եթե ​​համաճարակը նույն արագությամբ տարածվի նաև այլ մայրցամաքի վրա, եթե նույն քանակությամբ հիվանդություններ հայտնաբերվեն այնտեղ, ինչպես Իտալիայում, ապա պաշտոնապես կհայտարարվի համաճարակի մասին: Ըստ սահմանման, համաճարակը ազդում է ավելի քան երկու մայրցամաքների վրա: Այժմ համաճարակը ազդել է Ասիայի և Եվրոպայի վրա, և քանի որ Ամերիկայում և Աֆրիկայում վարակակիրների մեծ թիվ չկա, սա դեռևս համաճարակ համարել չի կարելի: Բայց եթե մենք խոսում ենք Եվրասիայի մասին, ապա արդեն կարող ենք խոսել պանդեմիայի մասին: 

 

-Որքա՞ն մեծ է վիրուսի պանդեմիայի վերածվելու ռիսկը: 

-Շատ դժվար է ասել: Օրինակ՝ Իտալիայում նախորդ օրը տեղի ունեցածը բոլորին զարմացրեց: Դա կարող է պատահել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Կանադայում, կամ այլուր: Շատ զարմանալի է, որ շատ քիչ դեպքեր են գրանցվում Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում: (Փետրվարի 27-ի դրությամբ, Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի մեկ դեպք է գրանցվել: Վարակվածը բրազիլացի է, ով վերջերս վերադարձել էր Իտալիայից: Աֆրիկյան մայրցամաքում հիվանդության մեկ դեպք գրանցված է Եգիպտոսում, իսկ մյուսը` Ալժիրում- խմբ.) Սա կարող է կապված լինել կլիմայի հետ, բայց այդ երկրներն ունեն նաև գրիպի սեզոնային համաճարակներ:

 

-Այսինքն՝ այս հիվանդությունն այնքան անհայտ է, որ ոչինչ հնարավոր չէ՞ կանխատեսել: 

-Այո, այդպես է: Ճիշտ եզրակացություն արեցիք: Աշխարհը սկսեց մտածել, որ համաճարակի զարգացումը դանդաղում է Չինաստանում, երբ հանկարծ այն հայտնվեց աշխարհի տարբեր երկրներում: Իսկ Չինաստանում դա ընդամենն, այսպես ասած, կարճ դադար էր: Այժմ վարակվածների թիվը գերազանցել է 80 հազարը: Սա հուշում է, որ համաճարակի տարածումը շարունակվում է:


Պատրաստեց` Քրիստինա Աղալարյանը
 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ