Ոմանք դիմում են քրեական հեղինակություններին, բայց չեն դիմում ոստիկանին. Դանիել Իոաննիսյան
Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը. այս մասին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ Եվրամիության 28 անդամներից 27-ն ունեն ներքին գործերի նախարարություն, իսկ Շվեդիայում ոստիկանությունն արդարադատության նախարարության կազմում է: «Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, և կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման: Այս մոդելում կլինի ոստիկանապետ, կլինի Ոստիկանության հրամանատարը, Ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ և կլինի նաև ներքին գործերի նախարար: Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց գոնե այս պահին նախատեսվող մոդելով նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»,- ասաց նա:
Իսկ թե ինչ կտա սա, Իոաննիսյանը նշեց, որ այս մոդելը հնարավորություն կտա, որ Ոստիկանությունը լինի խորհրդարանի հսկողության ներքո, որ Ոստիկանությունում չհամատեղվեն քաղաքականության մշակման և իրականացման քաղաքացիական ֆունկցիաները ավելի զինվորական ֆունկցիաների հետ: «Սա հնարավորություն կտա, որ խորհրդարանն ավելի շատ կարողանա վերահսկել Ոստիկանության գործունեությունը: Հիմա եթե պատգամավորներն ունենում են հարցեր՝ Ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին պատասխանում է կա´մ վարչապետը, կա´մ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված Ոստիկանության բոլոր գործողություններին: Այս առումով կլինի ներքին գործերի նախարար, որը կպատասխանի պատգամավորների հարցերին, և բոլոր առումներով համակարգը կդառնա ավելի ժողովրդավարական»,- ասաց նա
Իոաննիսյանի խոսքով՝ պարեկային ծառայության ստեղծումն է կարևոր, որը նորովի ստեղծվող համակարգ է լինելու, նաև հիմնված է նրա վրա, որ բոլոր կադրերը անցնեն լրացուցիչ կրթություն:
«Լրջագույն խնդիրը, որ կա, ոստիկանի ընկալումն է հանրության կողմից: Մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ, որոնք ոստիկանության տիրույթում են, չեն դիմում ոստիկանություն, որովհետև չեն ակնկալում, որ ոստիկանությունը կլուծի այդ խնդիրը: Մարդիկ դիմում են այլ միջոցների՝ սկսած քրեական հեղինակություններից, վերջացրած բազմաթիվ այլ միջոցներով:
Ոմանք դիմում են, մի քիչ կոպիտ բառով ասեմ, «մեծ ախպերներին», քրեական հեղինակություններին, ոմանք ոչ ոքի չեն դիմում: Շատ կարևոր է, որ ոստիկանությունը հանրության կողմից ընկալվի որպես ընկեր, որին դու կարող ես դիմել, երբ ունես խնդիր, ոչ թե 5 անգամ կտանի, կբերի բաժին, 7 հատ բացատրություն գրել կտա ու վերջում խնդիրդ չի լուծի: Մի անգամ էդպես կանես կամ մի տեղից կլսես, որ էդպես է եղել ու էլ չես դիմի ոստիկանին»,- ոստիկանության համակարգում բարեփոխումների թեմայով հանրային քննարկման ժամանակ կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Ոստիկանությունը միշտ «բարեփոխում» անվան տակ փորձել է իրեն այդ պահին վերապահված ուժային խնդիրները: Այսօրվա բարեփոխումները պետք է դառնան իրական բարեփոումներ, դրանք պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում, որովհետև մենք պետք է ունենանք այնպիսի ոստիկանական համակարգ, որի ծառայության թե´ օրինականության, թե´ նրա կատարած քայլերի հետ կապված հասարակությունը չպետք է ունենա կասկածներ»,- քննարկման ժամանակ ասել է ԱԺ պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...