Վարչապետի կողմից ստացել եմ նման առաջարկ․ Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ

Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վարչապետից ստացել է Հանրային խորհուրդը գլխավորելու առաջարկ։

 

«Իմ սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ Հայաստանում ու արտերկրում,


Անչափ շնորհակալ եմ այն բազում հաղորդագրությունների, զանգերի համար, որոնցով սկսել եք շնորհավորել ՀՀ կառավարության վաղվա նիստում ինձ Հանրային խորհրդի նախագահ նշանակելու լուրի կապակցությամբ։

 

Ինչպես արդեն հաստատել եմ լրատվամիջոցների համար, ՀՀ վարչապետի կողմից ստացել եմ նման առաջարկ ու ընդունել եմ այն, ինչի կապակցությամբ երախտագետ ու շնորհակալ եմ այդ բարձր վստահության համար, ինչը չափազանց պարտավորեցնող է։

 

Հիշեցնեմ, որ դեռևս այս տարեսկզբին այդ կառույցի անդամ դառնալու առաջարկությունն էլ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանից ստանալու ժամանակ ասել էի, որ այնտեղ գնում եմ բացառապես որպես փորձագետ՝ ՀՀ կառավարության համար խորհրդատվական իրավասությամբ այդ սահմանադրական հաստատության գործունեության մեջ իմ համեստ ներդրումն ունենալու այն հարցերով ու ոլորտներով, որոնք անցած տասնամյակներում իմ փորձագիտության դաշտում են եղել։

 

Այժմ էլ այնտեղ իմ գործունեությունը շարունակելու եմ բացառապես նույն առաքելությամբ ու նույն մասնագիտական ինքնությամբ, թեպետ արդեն՝ նախագահի կարգավիճակով, որը, ինչպես ինքներդ եք հասկանում, որևէ կերպ չի ավելացնում իմ փորձագիտական կարողությունները, մինչդեռ ավելացնում է պատասխանատվությունն արդեն հավաքական մարմնի ու նրա անդամների և մեր խորհրդատվության երկու հիմնական շահառուների՝ հանրության ու ՀՀ կառավարության առջև։

 

Մինչ այժմ չէի հրապարակում վերջին օրերին ստացված այդ առաջարկության ու իմ համաձայնության մասին մի պարզ պատճառով․ քանի դեռ դրա մասին կառավարությունը պաշտոնապես չի հայտարարում, իմաստ չկար այն հրապարակային դարձնել․ ի վերջո՝ ձեռք բերված համաձայնություններից անդին վերջնական որոշումն իրենցն է։

 

Ու դա անում եմ այժմ, քանի որ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արդեն իսկ հաստատել է վաղվա նշանակումը։ Ավելի հանգամանալից իմ խոսքը կգրեմ նշանակումից հետո, իսկ այժմ պարզապես շնորհակալ եմ սրտաբուխ խոսքերի ու շնորհավորնանքների համար։

Միշտ ձեր՝ Ստեփան

 

Հետգրություն։ Հա, որպեսզի թյուըմբռնումներ չլինեն, տեղեկացնեմ, որ այն հասարակական, չվճարվող աշխատանք է»,- գրել է նա։

 Նշենք, որ Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելու հարցն ընդգրկված է վաղը՝ դեկտեմբերի 19-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

 

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին»,- ասված է որոշման մեջ:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ