Ձերբակալվել է ՍԴ նախագահի պաշտոնյա սանիկը
Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է։
Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նշենք, որ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, Աժ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները:
Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչը) կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:
Այսպես՝ բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այն է` կազմակերպում է ԱԺ նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական և արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը, զբաղվում է ապրանքների մարքեթինգով, կազմակերպում և իրականացնում է ԱԺ նյութատեխնիկական ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման, պահեստավորման և մատակարարման աշխատանքները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 - 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ: