Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում:

Նշենք, որ մամուլում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը եւ տեւել մի քանի ժամ: Այնուհետեւ մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին:

«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- լրատվականի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը:

 

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի հարցազրույցից հատված. 

 

«- Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ չի՞ եղել:

 

- Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբեւիցե կյանքիս մեջ որեւէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն:

 

- Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում:

 

- Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ:

 

- Պարոն Վանեցյան, ձեր հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք:

- Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիտ կշարունակեմ իմ կյանքը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուր կայքում