Քաղաքապետարանն աշխատավարձ բաժանելու համար գումար փոխանցել է «Սանիթեք»-ին
«Սանիթեք»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «Սանիթեք»-ի՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։ Այս մասին «Facebook»-յան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Նրանց ներկայացրի կնիքով եւ ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել «Սանիթեք»-ին։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։
Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանն իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «Սանիթեք»-ին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միեւնույն ժամանակ կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես «Սանիթեք» ընկերությունը», - ասված է հայտարարության մեջ։
Այսօր հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ «Սանիթեք» ընկերությունը՝ նշելով, որ oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ` 12 վարչական շրջանների սպասրկման համար:
«Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրա և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ` վճարվել է 12 վարչական շրջաններից միայն 5-ի համար», - ասված է հայտարարության մեջ: