Ինչպես է բացահայտվել դատավոր Ազարյանի գիտական աշխատանքի գրագողության մասին լուրը
2018թ.-ի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին մի քաղաքացի այցելել է Բարձրագույն որակավորման կոմիտե և ասել, որ տեղեկություններ ունի, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունն արտագրված է։ Այս մասին այսօր ԱԺ–ի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: «Տեղում նայեց, տեսավ, որ իսկապես արտագրություններ կան։ Մեզանից տեղեկանք ուզեց, մենք չտվեցինք` ասելով, որ ոչ օֆիցիալ հարաբերություններ են։ Դրանից մի քանի օր անց 1in. am-ից մեր էլեկտրոնային հասցեին հարցում եկավ` խնդրանքով համեմատել ատենախոսությունը։ Արդեն պարզ էր, որ այն առաջին անձնավորությունն էր ինֆորմացիան տրամադրել։ Մենք ուղղակի պատասխանեցինք, որ տեքստում կան համընկնումներ։ Դրանից հետո անցավ երկար ժամանակ, մինչև այս զարգացումները։ Ասեմ, որ այնպես չէ, որ ԲՈԿ–ը ինֆորմացիան միտումնավոր դուրս է տվել և ասեմ, որ գիտնականների մեջ բոլորը գիտեն, թե ով ով է, ով ում ատենախոսությունն է գրել և ինչպես»,– ասաց ԲՈԿ նախագահը։ Ավելին, Սմբատ Գոգյանը հայտնեց, որ ինքն էլ գիտի, թե ում ատենախոսությունն ով է գրել և ինչի դիմաց, բայց երբեք այդ մասին չի բարձրաձայնել։ Հիշեցնենք` ԱԺ–ում այսօր ընթանում է «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի վերաբերյալ մամուլում ու քաղաքական շրջանակներում մեկնաբանություններ արվեցին, որ քննարկումը նվիրված է լինելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքին։ Հիշեցնենք, որ Ազարյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորն է։ Ավելի վաղ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

Պատահարներ