Ինչո՞ւ եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում. Արայիկ Հարությունյանը` Չեխովի դպրոցի տնօրենին
Երեւանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը գործարկել է առցանց հայտագրման համակարգը: Կարճատեւ տեխնիկական խնդիրներն անհանգստության տեղիք տվեցին: Այս եւ այլ խնդիրների, նաեւ կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Պետությունը մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք առաջին հերթին բխում են գործընթացներն էլ ավելի թափանցիկ դարձնելու, արդարությունը վերակագնելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակից: Խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի լինեք պետության եւ համայնքի առաջադրած խնդիրների հավասարազոր կրողն ու գործընթացների պատասխանատուն»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը: Առաջին դասարանցիների ընդունելության փոփոխված կարգի մասին խոսելիս էլ նշվեց համակարգում առաջացած խնդիրը, որի պատճառով ծնողները կարճ ժամանակ չեն կարողացել գրանցել երեխաներին, վերացվել է: Առցանց տարբերակով հերթագրված երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո աշխատանքային 15 օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցներն էլ պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը: «Ծնողներն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով գալիս են դպրոց, ասում եք՝ փին- կոդերը բերեք: Դուք ինչ գործ ունեք դրանց հետ: Տնօրեններն արհեստականորեն խոչընդոտում են՝ հետ ուղարկելով ծնողին: Բացի այդ, ինչի՞ համար եք պահանջում ավելորդ փաստաթղթեր, որ երեխան գրանցումից դու՞րս գա: Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունել, բայց այդպես մի արեք»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը: Հերթագրման նոր համակարգի գործարկումից հետո շատ ծնողներ քաղաքապետարան ու նախարարություն սկսեցին դիմել այն խնդրով, որ իրենց նախընտրած դպրոցներում տեղեր չկան: Ոլորտի պատասխանատուներն այս ուղղորդումը համարում են արհեստական: «Երեւանի քաղաքապետարանում պետք չէ փնտրել հարցերի պատասխաններ, որոնք չեք ստացել ԿԳՆ-ում եւ հակառակը, որովհետեւ այս երկու կառույցները սերտորեն համագործակցում են եւ ունեն մեկ ընդհանուր քաղաքականություն: Մենք այլեւս չենք կարող միջամտել մի գործընթացի, որն իրականացվում է էլեկտրոնային համակարգով, եւ պետք չէ փնտրել այլ միջոցներ»,-նշեց Տիգրան Վիրաբյանը: «Մենք պետք է դուրս գանք այն արատավոր իրավիճակից, երբ որոշ օլիգարխական դպրոցներում երեխաներն ընդունվում էին ծանոթ, բարեկամ, հարեւան, իշխանության միջնորդությամբ: Այդպես այլեւս չի լինելու: Եթե դուք գիտեք, որ ձեր չափաբաժիններն սպառվել են, ինչու եք ծնողին ուղղորդում նախարարություն: Օրինակ, խոսքը վերաբերում է Չեխովի անվան դպրոցի տնօրենին: Տիկին Սարուխանյան, ինչու եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում եւ ծնողներին ուղղորդում նախարարություն: Այո, օրենքն ասում է, որ բոլորի համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Որտեղ հանիրավի ուղղորդումներ կլինեն դեպի քաղաքապետարան կամ նախարարություն, տնօրենները պետք է նկատողություն ստանան՝ իրենց պարտականությունները չկատարելու համար»,-ասաց ԿԳ նախարարը: Չեխովի անվան դպրոցի տնօրենը նկատեց, որ իրենք չեն ուղղորդել, այլ ողջունում են բարեփոխումներն ու քայլում են ժամանակին համընթաց: Հերթագրման նոր կարգին առնչվող մի խնդիր էլ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է բարձրաձայնում եւ խնդրում այն ուսումնասիրել. ծնողները նախընտրում են երեխային տանել այն դպրոց, որտեղ արդեն հաճախում է ընտանիքի մյուս երեխան կամ երեխաները: Տեղ չլինելը ծնողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Հանդիպմանը խոսեցին նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների կազմի ու խորհրդի նախագահի ընտրության մասին: Նշվեց. նիստերը չեն կարող անցկացվել մի քանի րոպեում, եւ չեն կարող միշտ նախագահներ ընտրվել դպրոցի փոխտնօրենները կամ էլ դպրոցի անձնակազմից որեւէ մեկը: Կառույցի գործառույթները նախարարությունը նախատեսում է ավելացնել: Կընդլայնվեն նաեւ ծնողների պարտավորությունները՝ այդկերպ հեշտացնելով դպրոցների գործը: Բարեփոխումները գործնական փուլ կմտնեն արդեն հաջորդ ուսումնական տարում: Մինչ այդ առջեւում «Վերջին դասն» է: Տնօրենները եւս մեկ անգամ զգուշացվեցին՝ լինել ուշադիր եւ բացառել դրամահավաքության ցանկացած դեպք ու անգամ՝ փորձ:

Պատահարներ