Մեծ հարկեր, շատ թղթաբանություն. դժգոհություններ՝ «Դայակ՝ պետության հաշվին» ծրագրից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի մշակած «Դայակ՝ պետության հաշվին» ծրագիրը խիստ դժգոհություններ է առաջացրել աշխատող մայրերի մոտ, իսկ դժգոհության պատճառը շատ թղթաբանությունն ու մեծ հարկերն են:
Ի դեպ, չնայած ծրագիրը մշակվել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանի օրոք, բայց սկսել է կիրառվել մեկ այլ նախկին նախարարի՝ Մանե Թանդիլյանի պաշտոնավարման ընթացքում: Այն շարունակվում է նաև հիմա, երբ նախարարը Ջարուհի Բաթոյանն է:
Նշենք, որ այս ծրագրում ընդգրկված աշխատող մայրերին այլևս չի վճարվում 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:
Փոխարենը կառավարությունը վճարում է նրանց երեխային պահող դայակին: Այն կինը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Ի դեպ, այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը. մնացած մասը վճարում է ծնողը:
Ծրագիրը գործում է անցած տարվա հուլիսի 7- ից: Եվ ծրագրից օգտվելիս առաջնահերթություն տրվում է այն ծնողներին, ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում միջին աշխատավարձի չափը, որը 2017-ին կազմել է 195 հազար դրամ, ինչպես նաև ընտանեկան նպաստ ստացողները:
Ստացվում է՝ կառավարության վճարած 55 հազար դրամից 29 հազար դրամը վերադարձվում է պետությանը, հարկումը՝ շուրջ 26 տոկոս: Կառավարությունն այսկերպ հարկային դաշտ բերեց մինչև այս ստվերում գործող դայակներին: Ասել է թե՝ պետությունը 18 հազար դրամից զրկեց ծնողին, դրան գումարեց 12 հազար դրամ և դրա արդյունքում ունեցավ հարկատու:
Բայց պարզվում է՝ աշխատանքի վերադառնալ ցանկացող ոչ բոլոր մայրերը կարող են օգտվել այս ծրագրի «բարիքներից»: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Աստղիկ Գևորգյանը, ում բալիկը չորս ամսական է, ափսոսանքով նկատեց, որ չի կարող վերադառնալ աշխատանքի և օգտվել այս ծրագրից, քանի որ նրա աշխատավարձը միջինից ցածր է: Նրա հաշվարկներով՝ այս ծրագրից օգտվելու դեպքում դայակին ամսական պետք է վճարի ավելի քան 150 հազար դրամ: Այսինքն՝ իր ստացած աշխատավարձի մեծ մասը ինքը պետք է վճարի դայակին:
Մեկ այլ քաղաքացու՝ Հեղինե Կիրակոսյանի խոսքերով՝ ծրագրից օգտվելու համար ինքը պետք է ստանա մաքուր 250 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի կարողանա իրեն թույլ տալ օգտվել դայակի ծառայությունից: Ստացվում է, որ ցածր աշխատավարձ ստացող մայրերի համար այս ծրագիրն արդյունավետ չէ: Ձեռնտու չէ ծրագրից օգտվել, քանի որ իրենց ստացածը բավարար չէ դայակ վարձելու համար անգամ պետության որոշակի մասնակցության դեպքում: Իսկ, ահա, ծրագրին արդեն շահառու համարվող մայրերի բարձրացրած խնդիրը կապված է թղթարարության հետ:
Այն ժամանակատար է. մեկ գերատեսչությունից՝ մի տեղեկանք, աշխատանքի վայրից տեղեկանք, բանկից քաղվածք և այսպես շարունակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: