Կայանած մեքենայի նստատեղին հայտնաբերվել է կնոջ դի
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական – օպերատիվ խումբ:
Դեպքի վայրի զննությամբ Մասիսի ԲԿ ընդունարանի մուտքի դիմաց կայանված «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի ձախ նստատեղին հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ բռնության հետքերով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի քննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Դիակը ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արդյունքում պարզվել է, որ տուժողը 30 ամյա կին է, ով, ըստ նախնական տեղեկությունների, մշտական բնակության վայր չի ունեցել:
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1993 թվականին: Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է, ինչից հետո իր ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Մասիս ԲԿ:
26 ամյա երիտասարդի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող ռետինե խողովակը, կոտրված փայտյա մահակը, տուժողին ենթադրաբար պատկանող իրերը, արնանման և այլ հետքեր:
Առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: