Որոնք են «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի չշահագործման իրական պատճառները
Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքների կատարման գործընթացներում, որի կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է Ջրային կոմիտեն և որի հավատարմագրված կառավարումը հանձնված է «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, պետությանը նախնական մոտ 2.5 մլրդ դրամ վնասի պատճառմամբ առերևույթ կոռուպցիոն բազմաթիվ չարաշահումներ են բացահայտվել, որի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ էության, քրեական գործի առիթով, բացի վերոնշյալներից, ներգրավվել են մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձինք:
ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիան (այսուհետ՝ Ասոցիացիա), բարձր դասելով օրենքի գերակայությունը, ինչպես նաև պետական և հանրային շահերի գերակայությունը, հանձն է առել և տարիներ շարունակ ուսումնասիրել ու հանրությանը ներկայացրել ջրային ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես՝ հանրային մեծ կարևորություն ունեցողղ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցը և դրա չշահագործման ենթադրվող իրական հիմքերը, որոնք, ինչպես պարզ դարձավ, համապատասխանում են հանրությանը ներկայացվող Ասոցիացիայի հստակ կասկածների և վարկածների պնդումներին, և հանդիսանում են կոնկրետ առերևույթ կոռուպցիոն բազմաթիվ չարաշահումներ, ինչի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Այնուհանդերձ, նշենք, որ ցավալի է, որ ոլորտի հին ու նոր բարձրաստիճան պատասխանատուներն Ասոցիացիայի կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրներին ոչ միայն հետամուտ չէին արձագանքելու, ընթացք տալու և լուծելու, այլ նաև իրենց հանցավոր անգործության և արհամարության խիստ դրսևորումներով թաքցնում էին ոչ միայն սույն չարաբաստիկ դրսևորումները, այլ նաև հիմք էին ստեղծում դրանք խրախուսելու և առավել տարածելու ուղղությամբ:
Ի հավելումն նշենք, որ Ջրային կոմիտեի, ինչպես նաև «Արփա-Սևան» ԲԲ Ընկերության՝ ի դեմս այդ կառույցների ղեկավար մարմինների կողմից, տարիներ շարունակ իրականացվել են այլ չարաշահումներ և ապօրինություններ, մասնավորապես, Եղեգիս գետն ապօրինաբար բնական հունից շեղելու և այլ ուղղությամբ տանելու առումով: Ըստ էության, Սևանա լճի պահպանման խնդիրների քողի ներքո իրականացվել է որևէ ձևով օրենքով չնախատեսված և հակաօրենսդրական քայլեր, որոնք մինչ օրս շարունակվում են: Ավելին, ներկայումս նույն Ջրային կոմիտեի կողմից նախաձեռնվել է Սևանա լճի մասին և Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման մասին համապատասխան օրենքներում փոփոխություններ անցկացնելու մասին, որով նախատեսվում է կոծկելու նախկին չարաշահումներն ու ապօրինի գործողությունները, որոնց պատճառով այսօր գետը վտանգված է բնակլիմայական աղետներով և անդառնալի հետևանքներով: Մինչդեռ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման վերոնշյալ օրենքով հստակ սահմանված է, որ Սևանա լիճը պետք է ապահովել Սպանդարյանից Որոտան-Արփա ջրատար թունելով նախատեսվող հավելյալ 165 մլն խմ ջրով, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել դեռևս 2004 թվականին և մեկ օր անգամ մինչ օրս չի գործել, որի համար պետբյուջեից դուրս են գրվել հսկայական պետական միջոցներ և դրա հետ կապված որևէ հստակ հիմնավորումներ պատասխանատու կողմից չի ներկայացվել:
Լիահույս ենք, որ սույն գործի շրջանակներում ամենայն մանրամասն և ամբողջությամբ կբացահայտվեն բոլոր ապօրինություններն ու չարաշահումները, այդ թվում նաև՝ Որոտան-Արփա ջրատար թունելի և Եղեգիս գետի հետ կապված վերոնշյալ գործերը, և կվերականգնվեն ինչպես օրենքն ու օրինականությունը, այնպես էլ արդարությունը:
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում հետամուտ է լինելու օր առաջ բացահայտելու վերոնշյալ խնդիրների շրջանակներում առկա բոլոր չարաշահումները, ապօրինություններն ու ինքնիրավչությունները՝ պահանջելով օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:
Ակնկալում ենք, որ մեր երկրում իրապես պետք է գործեն օրենքն ու օրինականությունը, պետությանը վնաս տված բոլոր օրինախախտները պետք է կանգնեն օրենքի առջև, հանրությունն ու բարեխիղճ տնտեսվարողները պետք է շարունակեն իրենց օրինական և բարենպաստ գործունեությունը:
ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
http://www.prosecutor. am/am/mn/7440/
https://www.e-draft. am/projects/1598