Առաքել Մովսիսյանը զանգել էր ինձ․ Ալեն Սիմոնյան
«Ասեմ, որ խոսքն այն դեպքի մասին է, երբ իրենց լավ իշխանության ժամանակահատվածում «արհեստավարժ» պատգամավորներից մեկը՝ Առաքել Մովսիսյանը, զանգահարել էր ինձ։ Ես պարոն Աշոտյանին խնդրել եմ իմանալ, թե ով է ուղղորդել Առաքել Մովսիսյանին, ով է տվել իմ համարը։ Նա խոստացավ ճշտել, բայց այդպես էլ չճշտեց ու չասաց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը հավելեց, որ Արմեն Աշոտյանն ինչ բացահայտում ասես կարող է անել․ «Իմ հակամարտությունն ու իր քաղաքական ճանապարհն արդեն վաղուց ավարտված են, եւ ես ցանկություն չունեմ որեւէ ձեւով վերակաենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին: Եթե կլինի անհարգալից վերաբերմունք, վիրավորանք իմ կուսակցության ղեկավարի, իմ երկրի ղեկավարի, իմ գործընկերների նկատմամբ եւ նմանատիպ հայտարարություններ, որոնք պարոն Աշոտյանն իրեն թույլ է տվել, իրենք իրենց պատասխանն ստանալու են՝ անկախ նրանից, թե ինչ շանտաժների ու փոքր ստոր բաների կդիմեն»:
Հիշեցնենք՝ ՀՀկ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել էր․ «Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ» պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետեւանքներով»։