Կարսում հայ և թուրք գործարարների հանդիպումից հետո նոր բանակցություններ են սկսվել
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ ակտիվանում են նաև երկու երկրների գործարար շրջանակների շփումները։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, թեև Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը, որը Թուրքիան փակել է 1993 թվականին, դեռևս բաց չէ, գործարարները փորձում են համագործակցության նոր հնարավորություններ գտնել՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունները։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի 57 ներկայացուցիչ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ հատել էին ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ թուրք գործարարների հետ հանդիպման։
Հանդիպմանը մասնակցել էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ սննդի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկաբուծության և այլ ոլորտներից։
Կողմերը քննարկել էին առևտրային համագործակցության հնարավորությունները և նշել, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ կա։
Հանդիպման ընթացքում գործարարները ողջունել էին նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում ավարտվել են անհրաժեշտ վարչական գործընթացները, որոնք հնարավորություն են տալիս երրորդ երկրների տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես ապրանքի ծագման կամ վերջնակետ երկիր նշել «Հայաստան» և «Թուրքիա»։
Քննարկվել էր նաև հայկական ապրանքների՝ Ախալքալաք-Կարս երկաթուղուն հասանելիության հարցը, ինչը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային առևտրի համար։
Սակայն հանդիպումից հետո կողմերը չէին հայտնել, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և արդյոք նման քննարկումները շարունակական բնույթ են կրելու։
Այս հարցերի պատասխանները փորձել են ստանալ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրի շրջանակում Թուրքիա այցելած լրագրողները, որոնց թվում էր նաև «Արմենպրես»-ի թղթակիցը։
Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հունիսի 2-ի հանդիպմանը Հայաստանից մասնակցել է 57 գործարար։
Նրա խոսքով՝ հայ գործարարները ներկայացրել են հիմնականում տեքստիլի, շինարարության, սննդի, ըմպելիքների և ծաղկաբուծության ոլորտները։
«Մենք շատ լավ շփում ունեցանք։ Մեր ընկերություններից շատերը դեռ բանակցությունների մեջ են»,- ասել է Բոզանը։
Նա նշել է, որ Կարսի հանդիպումից հետո տարբեր ուղղություններով բանակցությունները շարունակվում են, և առաջիկայում հնարավոր են նոր հայտարարություններ։
Բոզանը հայտնել է նաև, որ սեպտեմբերին նախատեսվում է Հայաստան-Թուրքիա գործարար ֆորումի երկրորդ հանդիպումը, որը կանցկացվի Երևանում։
Նրա գնահատմամբ՝ այդ հանդիպումը կարող է տնտեսական նշանակություն ունենալ ոչ միայն Կարսի, այլև Թուրքիայի արևելյան մի շարք շրջանների՝ Իգդիրի, Արդահանի և հնարավոր է նաև Վանի համար։
Կարսի առևտրի պալատի ղեկավարը նշել է, որ Երևանում կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար երկու պայման է ներկայացրել։ Առաջինը՝ Կարսից մասնակցող գործարարների թվի սահմանափակում չլինի։ Երկրորդը՝ Կարսի գործարար պատվիրակությունը սահմանը հատի Աքյաքա-Ախուրիկ անցակետով՝ որպես խորհրդանշական քայլ։
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման հեռանկարներին՝ Բոզանը նշել է, որ այս պահին աշխատանքներ են իրականացվում հատկապես երկաթուղային և ավտոմոբիլային կապերի ուղղությամբ։
«Առաջին հերթին կբացվի երկաթուղին՝ նկատի ունեմ Գյումրի-Կարս երկաթուղին։ Տեղեկություններ կան, որ հաջորդիվ արևելյան սահմանը կբացվի նաև ավտոմոբիլային ճանապարհով։ Իհարկե, սրանք պաշտոնական տվյալներ չեն, բայց հույս ունեմ, որ կարճ ժամանակում արդյունքի կհասնենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի համար նման քայլերը կարող են կարևոր տնտեսական նշանակություն ունենալ։
Բոզանը նաև նշել է, որ Ախալքալաք-Կարս երկաթուղով վերջին շրջանում բեռնափոխադրումների ծավալն աճել է շուրջ 400 տոկոսով, սակայն դժվարացել է ասել՝ արդյոք Հայաստանը ներկայում այդ ճանապարհով արտահանում կամ ներմուծում իրականացնում է։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի և Թուրքիայի գործընկերներին։