Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման աշխատանքները
Թուրքական Աքյաքայում ընթանում են Գյումրի-Կարս երկաթուղու և ցամաքային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման աշխատանքներ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։ Կողմերը դրա վերագործարկման պայմանավորվածությունը ձեռք էին բերել 2025 թվականի սեպտեմբերին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սերդար Քըլըչը և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պայմանավորվել էին, որ երկու երկրների համապատասխան մարմինները տեխնիկական ուսումնասիրություններ կանցկացնեն Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման նպատակով։ Այնուհետև՝ 2026 թվականի ապրիլի 28-ին, Կարսում կայացել էր Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որտեղ ընդգծվել էր երկաթգծի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը։ Մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել էր, որ իրականացվում են տեխնիկական գնահատման աշխատանքներ։
Լրագրողական փոխանակման ծրագրով Թուրքիայում գտնվող հայ լրագրողների խումբը տեղում ծանոթացել է թուրքական կողմում իրականացվող աշխատանքներին։ Խումբը Կարսից գնացքով ուղևորվել է Աքյաքա (57 կմ, մոտ 50 րոպե)։ Աքյաքա կայարանից մինչև Գյումրի երկաթգծով 18-20 կմ է, որը հնարավոր է անցնել 30-40 րոպեում, սակայն փակ սահմանի պատճառով ուղևորությունն այժմ անհնար է։
Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լավատեսություն է հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված խնդիրներ չեն ակնկալում։
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ մեկնարկել են սահմանային անցակետերի և երկաթուղային ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքները։ Այս պահին շինարարություն է ընթանում Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածում, որը նախատեսվում է ավարտել 2-3 ամսից, ինչպես նաև հայտարարվել են հրապարակային մրցույթներ։
Քաղաքապետի խոսքով՝ սկսված շինարարությունը սահմանի բացման նախապատրաստությունն է, և արդեն մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման համար, ինչը կառավարությունների բարիդրացիական քաղաքականության մասն է։
Էրդուգեր Թոփթաշը շեշտել է, որ սահմանի բացումից տնտեսապես կշահեն երկու կողմերն էլ՝ հատկապես գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Սահմանի բացմամբ Թուրքիան կստանա Կովկասի հետ կապվելու ևս մեկ ճանապարհ, իսկ Հայաստանը Թուրքիայի միջոցով կկապվի Միջին Արևելքի հետ։
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները նույնպես հույս են հայտնել, որ սահմանը շուտով կբացվի, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի սահմանամերձ շրջանների համար։
Նմանատիպ հոդվածներ
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...