Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարիներ ի վեր խոսել են այն մասին, որ բյուջեն մինչև 30% թալանվել է, և որ հարյուրավոր դոլարների մասին է խոսքը։ «Հետաքրքիր է իմանալ, հիմա, բնականաբար, չկա կոռուպցիա, և այդ վերականգնվող միջոցները ինչպե՞ս են տեղաբաշխվում, ի՞նչ արտահայտություն են ստանում բյուջեում»,- հարցրեց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ մեկ ամիս է, որ թվաբանությունը հրապարակել է, և նոր տվյալներ չունի։ Բայց ասաց, որ բյուջեի մասով այս տարի առաջին եռամսյակում եկամտային մասը գերակատարել են 11, 4 մլրդ դրամով։ «Սա ստվերի կրճատում է, և այս տարի պլանավորում ենք 40 մլրդով գերակատարել բյուջեի եկամտային մասը, ինչը ևս ստվերի կրճատում է»,-ասաց նա։
Բացի այդ, նա հիշեցրեց, որ մի քանի մասշտաբային քրեական գործեր են հարուցված, դրանցից մի մասի մեղադրյալների մասին ասաց, որ, ցավոք, հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը։ Իսկ ընդհանուր արդեն ասաց, որ 40 մլրդ հավելյալ հավելագրումներով մտադիր են զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել, նաև ճանապարհների շինարարության հարց լուծել, ՏԻՄ-երի սուբվենցիոն ծրագրերի և ևս մի քանի ծրագրերի։
«Ո´չ, ես գոհ չեմ այդ ծավալներից, մի քանի անգամ ասել եմ, որ հույս ունեմ, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և գումարների վերադարձի պրոցեսն ավելի կակտիվանա, ուրբաթ օրը պատրաստվում եմ ընդարձակ խորհրդակցություն անել այդ թեմայով»,-ասաց նա։
Վարչապետ Փաշինյանը նաև նշեց, որ հիմա նաև քննարկում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմը։ «Եվ սա այն դեպքերից է, որ ես ակնհայտորեն տեսնում եմ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում և պետք է շատ արագ հասկանամ՝ դիմադրության պատճառը որն է, դա բովանդակային է, թե դա հին կապերի ու ազդեցությունների բերումով է, և այս հարցի պատասխանը ստանալուց հետո ավելի կոնկրետ միջոցներ կձեռնարկենք»,-ասաց նա։