Հայաստանը կարող է խորացնել կապերը ԵՄ-ի հետ, սակայն դա հեշտ չի լինելու. Իսպանիայի պատգամավոր
Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացումը կարող է երկրին ավելի մեծ ռազմավարական ինքնավարություն ապահովել, սակայն միաժամանակ նաև նոր լարվածություններ ստեղծել Ռուսաստանի հետ։ Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում ասել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուին՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավոր զարգացումներին։
Նրա խոսքով՝ Հայաստանի եվրոպական մերձեցումը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը միայն այն դեպքում, եթե այն չընկալվի որպես աշխարհաքաղաքական դիմակայության մաս։
Փորձագետը նշել է, որ Հայաստանը կանգնած է բարդ ընտրության առաջ, քանի որ մի կողմից ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, իսկ մյուս կողմից շարունակում է սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ։
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ սա չափազանց դժվար կլինի։ Ռուսաստանը երկար տարիներ Հարավային Կովկասը դիտարկել է որպես իր ազդեցության գոտի, և նախկինում արդեն տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունեցել Արևմուտքին մոտենալու փորձերը, օրինակ՝ Վրաստանի դեպքում»,- ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի պատերազմն ավելի ակնհայտ է դարձրել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հակասությունները, և Հայաստանը չի կարող անտեսել այդ փորձը։ Միևնույն ժամանակ, փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանը նույնպես ծանր հետևանքներ է կրել Արցախում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ՆԱՏՕ չէ, և Բրյուսելի հետ հարաբերությունների խորացումը չպետք է ինքնաբերաբար ընկալվի որպես ռազմական կամ անվտանգության ոլորտում վերադասավորում։ Սակայն, նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է և տարածաշրջանում կարևոր դերակատար, ինչը բարդացնում է Հայաստանի ռազմավարական որոշումները։
Փորձագետի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի ղեկավարած Ռուսաստանը դժվար թե դրական արձագանքի, եթե Հայաստանը վճռական քայլերով շարժվի դեպի Եվրոպա։
«Հայաստանը չի կարող փոխել իր աշխարհագրական դիրքը և պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Միևնույն ժամանակ, այն ինքնիշխան պետություն է և պետք է ազատ լինի որոշելու իր ապագան։ Այս երկու սկզբունքները հակասական չեն, սակայն քաղաքական որոշումներ ընդունելիս անհրաժեշտ է շատ զգուշորեն գնահատել բոլոր քաղաքական, տնտեսական և անվտանգության գործոնները»,- նշել է նա։
Խոսելով Եվրամիության կողմից Հայաստանին առաջարկվող տնտեսական աջակցության և առևտրային արտոնությունների մասին՝ փորձագետն ասել է, որ դրանք կարող են զգալի խթան հաղորդել երկրի տնտեսությանը։
Նրա խոսքով՝ եվրոպական աջակցությունը կարող է նպաստել ներդրումների աճին, հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկաներ, աջակցել ենթակառուցվածքների և պետական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև խթանել տնտեսության նոր ոլորտների ձևավորումը։
Փորձագետը հավելել է, որ նման ծրագրերը կարող են հիմք ստեղծել երկարաժամկետ համագործակցության և նոր համատեղ նախագծերի համար՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի տնտեսական զարգացմանն ու կայունությանը։ Նրա գնահատմամբ՝ դրանից կշահի նաև Եվրամիությունը՝ ամրապնդելով իր տնտեսական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Նրա խոսքով՝ դրանք կարևոր իրողություններ են, որոնք հնարավոր չէ անտեսել, և Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացման դեպքում դրանք պետք է անպայման հաշվի առնվեն։
Մանրամասները` Արմենպրեսսում: