Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երեկ՝ փետրվարի 14-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1 –ին դասակի տեսուչ Դավիթ Գալոյանը Սևանի վարչական տարածքում ծառայություն կատարելիս է եղել, երբ նրան է մոտեցել մի երիտասարդ ու հայտնել, որ ինքը և իր ընկերը Ռուսաստանի Դաշնության մի զբոսաշրջիկի հետ մնացել են Սևանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանը իր ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով երիտասարդի հետ մոտեցել են ձյան մեջ թաղված Skoda-ին, որպեսզի այն հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն երթևեկելի գոտի, սակայն դաշտամիջյան այդ ճանապարհն այնքան սառած է եղել, որ անգամ Toyota-ն չի կարողացել ձյան մեջ թաղված ավտոմեքենան դուրս բերի:
Տեսուչը իրավիճակի մասին տեղեկացրել է վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանին, ով ծառայողական Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով օգնության է հասել և ճոպանի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ու նրա ընկերը ասել են. «Մի ժամից ավելի է՝ թաղվել էինք էստեղ, կարծես անապատում լինեինք ու չգիտեինք ինչ անեինք. ոչ համար գիտեինք, ոչ հասցե: էս սառնամանիքին բաց երկնքի տակ էինք մնացել: Լավ էր՝ ճանապարհային ոստիկանի ավտոմեքենան տեսա ու մոտեցա օգնություն խնդրեցի ու մարդիկ, իսկական հային վայել, մեզ օգնեցին: Շնորհակալություն ենք հայտնում ճանապարհային ոստիկաններին և ասում՝ Իրոք հալալա տղերքին: Եթե ուրիշը պատմեր, կմտածեի որ գույները խտացնում են, բայց մենք մեր մաշկի վրա զգացինք, որ ճանապարհային ոստիկանությունը ամուր կանգնած է անօգնական վիճակում գտնվող քաղաքացիների թիկունքին: Վարորդի ընկերն էլ կատակով ասում էր. «Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ ու եթե Գաի տղերքը չգային, սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ: Լավ էր՝ տղերքն եկան ու Վալենտինի օրով մեզ իսկական նվեր արեցին»: