Հասարակություն

Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. լքված նորածնին գտած երիտասարդ

Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. լքված նորածնին գտած երիտասարդ
Արդեն նույնիսկ անունն եմ որոշել՝ Անգել։ Նա իսկական հրեշտակ է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է նորածնին գտած երիտասարդը:«Երեկ էլ եմ գնացել տեսնելու։ Նոր հագուստ եմ գնել, նորածնին անհրաժեշտ…

Արդեն նույնիսկ անունն եմ որոշել՝ Անգել։ Նա իսկական հրեշտակ է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է նորածնին գտած երիտասարդը:



«Երեկ էլ եմ գնացել տեսնելու։ Նոր հագուստ եմ գնել, նորածնին անհրաժեշտ բոլոր պարագաներն եմ տարել։ Հիմա էլ եմ գնում հիվանդանոց։ Ասացին՝ մոտ 20 օրից դուրս կգրեն, և ես արդեն դրան եմ պատրաստվում»,- պատմեց նա։



Նարեկի ընտանիքում, սակայն, այս պահին երեխային որդեգրելու հարց չի քննարկվում։ Նա ունի 4-ամյա որդի։ Նրա կինը ևս ցանկանում է, որ ընտանիքը հնարավորինս աջակցի փոքրիկին և տեր կանգնի նրան, սակայն, ինչպես Նարեկն է ասում, որդեգրման մասին որոշում կայացնելու համար կինը դեռ հոգեբանորեն պատրաստ չէ։



«Այդ հարցը չենք քննարկում։ Հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք երեխա չունեն և հերթագրված են որդեգրման համար։ Եթե կա ընտանիք, որը երկար տարիներ սպասում է երեխայի, կարծում եմ՝ պետք է այդ հանգամանքն էլ հաշվի առնել։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն ինչի, որպեսզի Անգելը խնամված լինի և իրեն երբեք միայնակ չզգա»,- ասաց Նարեկը։



Նրա խոսքով՝ փոքրիկի պատմությունն իրեն խորապես հուզել է, և այժմ իր համար ամենակարևորն այն է, որ աղջիկը առողջ մեծանա և հնարավորինս շուտ հայտնվի ապահով սիրող միջավայրում։



«Ես նրան չեմ կարող ուղղակի թողնել ու հեռանալ։ Ինչքան կարող եմ, օգնելու եմ։ Թող կյանքը որոշի՝ հետո ինչ ճանապարհով է ամեն ինչ դասավորվելու»,- ասաց Նարեկ Պետրոսյանը։



Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան 13 հասցեում հայտնաբերված աղջկա կենսաբանական ծնողների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։ Իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել, թե ինչ հանգամանքներում է նորածինը հայտնվել շենքի բակում և ով է նրան այնտեղ թողել։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250