10 անձ մեղադրվում է ավելի քան 1,2 մլրդ դրամ մաքսային վճարից խուսափելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ.Վ.-ն, Ա.Մ.-ն, Ս.Շ.-ն, Լ.Ե.-ն և Բ.Կ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն և որպես դրա անդամներ հավաքագրել Ա.Մ.-ին, Հ.Գ.-ին, Ա.Դ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Ս.-ին` Վրաստանի Հանրապետությունից օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերը շրջանցելով Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցներ ապօրինի ներմուծելու և վաճառելու համար` մշակելով ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հստակ դերաբաշխված հանցավոր մեխանիզմ:
Մասնավորապես՝ խմբի անդամները 2018-2020 թվականների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ գնած Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իբր իրենց տրված կեղծ լիազորագրերի հիման վրա, 2023-2025 թվականների ընթացքում՝ տարբեր օրերի, կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներ` Ղազախստանի քաղաքացիների կողմից գնված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների և հաշվառման վկայագրերի կորստյան վերաբերյալ և կրկին ստացել հաշվառման համարանիշեր ու հաշվառման վկայագրեր:
Դրանից հետո հանցավոր կազմակերպության անդամները Վրաստանում գնել են հաշվառման վկայագրերում նշված մակնիշներին, թողարկման տարեթվերին և գույներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ, վրաց-հայկական և վրաց-ռուսական միջպետական սահմանների չեզոք գոտիներում պոկել տրանսպորտային միջոցների նույնականացման համարները՝ դրանց փոխարեն փակցրել իրենց մոտ առկա հաշվառման վկայագրում նշված կեղծ նույնականացման համարներն ու հաշվառման համարանիշերը, այդ ավտոմեքենաներով հատել վրաց-հայկական պետական սահմանը՝ ստեղծելով կեղծ տպավորություն, իբր 2018-2020 թվականներին գնված և Ղազախստանում արտահանված ավտոմեքենաները մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն:
Հանցավոր կազմակերպություն ստեղծելու, դրան մասնակցելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու համար 10 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
5 մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել, 218 մեքենա ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Հալաբյան փողոցում նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմել
Նախօրեին Երևանի Հալաբյան փողոցում թիթեղների տակ նորածին երեխային հայտնաբերեծ քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, News.am-ին ման...
Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է
Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի...
Վրաստանը արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին երկրից արտաքսել են 113 օտարերկրացու։ Այս մասին հայտնել է...
Նոր Նորքի դատարանից փախած կալանավորին դեռ որոնում են
Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, AuroraNews-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։Ձեռնարկ...